«Ռուսական կողմը որոշակի վերահսկողություն է ունենալու Հայաստանի զինված ուժերի կոնկրետ ստորաբաժանման նկատմամբ»
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասում է, որ ՀԱՊԿ-ում խաղի կանոնները հասկանալի են իր համար, թեպետ այնտեղ էլ շատ հարցեր կան, բայց խորհրդարանի կողմից օրերս վավերացված ՀՀ զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի խաղի կանոնները չի հասկանում:
«Իմ հիմնական մտավախությունն այն է, որ, այս համաձայնագրով, փաստորեն, ռուսական կողմը որոշակի վերահսկողություն է ունենալու Հայաստանի զինված ուժերի կոնկրետ ստորաբաժանման նկատմամբ: Այստեղ ես ավելի շատ տեսնում եմ մեր սուվերենության մի մասի տալը, այլ ոչ թե դրական ազդեցությունը»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց նա: Ստեփան Գրիգորյանը չի կարծում, թե ագրեսիայի դեպքում ռուսական կողմն օգնելու է Հայաստանին այն դեպքում, երբ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին եւ Թուրքիային: Քաղաքագետը չի կարծում, որ զարգացումները միայն բացասական սցենարով են լինելու:
«Ես չեմ ուզում հավատալ, որ եթե պատերազմական գործողություն լինի, համատեղ զորախումբը չի աջակցի Հայաստանին: Հուսով եմ, որ կաջակցի: Բայց եթե հավանականություն կա, որ չաջակցի, ես պահանջում եմ, որ այդ կետը փոխվի: Օրինակ, ես համարում եմ, որ ոչ մի շանս չպետք է տանք, որ այդ զորախումբը ռուս գեներալները ղեկավարեն: Մեկ միլիարդը լավ գումար է: Նույնիսկ հայ գեներալը կարող է գայթակղվել մեկ միլիարդով: Եթե պատերազմական գործողություն լինի, ադրբեջանցիները կամ թուրքերը գալիս են եւ ռուս գեներալի մոտ մեկ միլիարդ դնում: Ի՞նչն է գերակշռելու»,- ասաց բանախոսը: