05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Սեւ ցուցակում». Հայկական Ժամանակ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անվան հետ կապվող «Դանինի» ՍՊԸ-ն 3 տարով հայտնվել է պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում:

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ գնումների բողոքարկման խորհուրդը ստանալով ՀՀ ֆինանսների նախարարության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի գրությունը եւ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացությունը՝ վարույթ է իրականացրել:

Ֆինանսների նախարարությունն էլ իր հերթին ստացել է ՀՀ պաշտպանության նախարարության դիմումը, որով պահանջվել է ուսումնասիրել «Դանինի» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմքերը, եւ այդպիսի հիմքերի առկայության դեպքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ցանկում ներառելու համար:

«Դանինի» ընկերությունը գնումների բողոքարկման կենտրոնին հայտնել է, որ պաշտպանության նախարարության եւ ընկերության միջեւ կնքվել է ընդհանուր առմամբ ապրանքների գնման 11 պայմանագիր: Մատակարարված ապրանքների գումարը կազմել է 1 միլիարդ 330 միլիոն դրամից ավելի, սակայն ՊՆ-ի կողմից վճարվել է 1 միլիարդ 295 միլիոն դրամ կամ պակաս է վճարել նախնական հաշվարկներով 35 միլիոն դրամ, քանի որ համաձայն պայմանագրի՝ գնորդը պարտավոր էր վճարման ժամկետը խախտելու համար տույժեր վճարել:

2015 թվականի դեկտեմբերից ընկերությունը դիմել է ՊՆ-ին չվճարած գումարները ստանալու պահանջով, սակայն հարցը չի լուծվել: ՊՆ-ն ընկերության կողմից պարտքեր ունենալու պատրվակով 2016 թվականի սկզբին դիմել է ՀՀ զինվորական դատախազություն: Հարուցվել է քրեական գործ, սակայն այն կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Քրեական գործի շրջանակներում ընկերությունը բացատրություն է տվել, որ թերի մատակարարումները կլրացնեն միայն այն դեպքում, երբ ՊՆ-ն պարտքերը կմարի, քանի որ կրեդիտային աննախադեպ պարտքի պատճառով ընկերությունը ֆինանսական ճգնաժամում է հայտնվել:

2016 թվականին ՊՆ-ն միակողմանի լուծարել է պայմանագիրը պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հիմքով:

Պաշտպանության նախարարությունը գնումների բողոքարկման խորհրդին 2016 թվականի դեկտեմբերի 9-ին հայտնել է, որ «Դանինի» ՍՊԸ-ի հետ 2013 թվականի հունվարի 8-ին կնքված պայմանագրի կետերից մեկով՝ 2016 թվականին պետք է մատակարարվեր մսաբուսական «պահածո ոլոռով, խյուս խոզի մսով» ապրանքատեսակ, սակայն չմատակարարած ապրանքի մասով միակողմանի լուծել է պայմանագիրը եւ դրան կից կնքված համաձայնագիրը:

Գնումների բողոքարկման խորհուրդը ուսումնասիրելով՝ պաշտպանության նախարարության գրությունը եկել է եզրակացության, որ բազմիցս խախտվել է «Դանինի» ՍՊԸ-ի եւ ՊՆ-ի միջեւ կնքված պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման ժամկետները:

Նույնիսկ ՊՆ-ն պատվիրատուին տեղեկացրել է, որ չմատակարարված ապրանքներն անհրաժեշտ է մատակարարել սեղմ ժամկետներում, հակառակ դեպքում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի կողմից կձեռնարկվեն օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ եւ կքննարկվի հետագա համագործակցության նպատակահարմարության հարցը: ՊՆ-ն նաեւ նշել է, որ ընկերության՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկված տուգանքի ընդհանուր գումարի չափը կազմել է ավելի քան 51 միլիոն դրամ, որը գերազանցել է գնումների բազային միավորի տասնապատիկը:

2017 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ գնումների բողոքարկման խորհուրդը «Դանինի» ՍՊԸ-ին 3 տարով ներառել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցողների ցանկում:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ