ԱԺ-ն ռազբորկա անելու տեղ չէ, պարոնա՛յք
Ինչպես հայտնել ենք, այսօր ԱԺ-ում միջադեպ է տեղի ունեցել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ու ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանի միջև:
Այնուհետև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը հարձակվել է իր վրա։
Միջադեպին անդրադառնալով՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Կարծում եմ՝ նման երևույթները մեզ հարիր չեն: Եվ, ընդհանրապես, հարիր չէ, որ Արտաշես Գեղամյանը լինի ԱԺ-ում: Պատահածին, միանշանակ, միայն բացասական գնահատական պիտի տամ: Գեղամյանը պետք է հասկանա, որ եթե ինքը տարիքով ավելի մեծ է, դա դեռ չի նշանակում, որ պիտի հարձակվի ավելի երիտասարդների վրա:
Հույս ունեմ, որ Էթիկայի հանձնաժողովը ճիշտ որոշում կկայացնի և օբյեկտիվորեն կարձագանքի այս միջադեպին: Բոլոր պատգամավորները պետք է հասկանան՝ երբ ԱԺ-ում հարցեր են քննարկվում, անկախ նրանից, թե դա ինչ հարց է, չի կարելի կրքերն այդքան բորբոքել ու ծեծկռտուք սարքել»:
Գագիկ Համբարյանը շեշտեց՝ քաղաքական գործիչը պիտի զսպված լինի, հեռու լինի անտակտությունից ու անդաստիարակությունից:
«Իհարկե, այլ երկրների խորհրդարաններում էլ են լինում նմանատիպ միջադեպեր, բայց մեզ մոտ այդ ադաթը չկա: Գեղամյանը տարիքով ավելի մեծ լինելով՝ իրեն ավելի կոռեկտ ու դաստիարակված պիտի պահեր:
Էթիկայի հանձնաժողովում նման միջադեպերին պետք է ճիշտ գնահատական տրվի, որ որ սա դաս լինի նաև մյուսների համար. ոչ մեկն ԱԺ-ն ռազբորկաների տեղ դարձնելու իրավունք չունի», – նշեց քացաքագետը: