ԵՏՄ-ում Հայաստանի տեղն ու դերը պարզ չէ, օգուտներն ու վնասները հաշվարկված չեն․ տնտեսագետ

«ԵԱՏՄ անդամակցության առաջին պահից կարծիքները հակասական էին, տնտեսական մասով խորը վերլուծություն չկար։ Մենք ունենք ընդամենը միասնական մաքսային տարածք․ և ԵՏՄ-ն դեռ երկար ճանապարհ չի անցել, ինչպես ԵՄ-ն, ուստի մակարդակները միանշանակ տարբեր են: Բայց, մի բան հստակ է․ ԵՏՄ-ում Հայաստանի տեղն ու դերը պարզ չէ, օգուտներն ու վնասները հաշվարկված չեն»,- այսօր «Հենարան» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ-ի կազմից դուրս գալու «ԵԼՔ»-ի առաջարկին։
Բանախոսը շեշտեց՝ մեր երկիրը դեռ ամբողջությամբ ԵՏՄ-ի անդամ էլ չէ, որ հիմա էլ քննարկենք դուրս գալ-չգալու հարցը:
«Մեր տնտեսությունը հիվանդանում է, երբ Ռուսաստանում քամի է լինում: Հայաստանի տնտեսական քաղաքականությունը ընդհանրապես կապ չունի ԵՏՄ անդամակցության հետ․ մենք միշտ էլ չենք փայլել մեր տնտեսական առաջադիմությամբ կամ արտահանման ծավալներով»,-նշեց տնտեսագետը: