05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Որտե՞ղ է Սոթքի ոսկու հանքից անհետացած 500 կգ ոսկին. Ժողովուրդ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակագմի ընդերքի պետա­կան տեսչությունը (խոսքը ներկայիս բնապահպանության եւ ընդերքի տեսչա­կան մարմնի մասին է) ստուգումներ է իրականացրել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի՝ Սոթքի ոսկու հանքում եւ բացահայտել է, որ ընկերությունից «500 կգ ոս­կի է անհետացել»։

Եվ այսպես՝ օրաթերթը պարզեց, որ 2017 թվականի հունվարի 20– ին «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ԱՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան եւ հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության։ Հանքը պահանջում է, որ դատարանը անվավեր ճանաչի նախարարության աշխատակազ­մի ընդերքի պետական տեսչության 2016 թվականի սեպտեմբերի 26-ին կայացրած ակտը եւ վերացնի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի հրամանը։

Իսկ ի՞նչ Է տեղի ունեցել։ Պարզվում Է, որ 2016թ օգոստոսի 4-ին ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հանձնարարագրի համաձայն՝ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության (խոսքը ներկայիս բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մա­սին է) երկրաբանական վերահսկողության բաժնի պետ, ընդերքի հանրապետական ավագ պետական տեսուչ Արսեն Հովհաննիսյանը, երկրաբանական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ, ընդերքի հանրապետական պետական տեսուչ Աերգեյ Աբրահամյանը Սոթքի ոսկու հանքի հանքարդյունահանման իրավունքը հավաստող փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ ստուգում են իրականացրել եւ լուրջ բացահայտումներ արել։ Այդ բացահայտումների հիման վրա կայացվել է ակտ՝ որով համապատասխան խախ­տումը պետք է ուղարկվեր պետական եկամուտների կոմիտե, ըստ որի՝ այն պետք է ընկերությանը համապատասխան գումարի չափով տուգաներ։ Սակայն հաշվի առնե­լով որ Սոթքի ոսկու հանքի ղեկավարությունը բողոքարկել է նախարարության ակտը, եւ վերջիններս դատական պրոցեսի մեջ են, կայացված ակտի հետագա ճակատագիրը դեռեւս անհայտ է։

Սակայն «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ– ն տեսչության կազմած ակտի հետ համաձայն չէ, այն բողոքարկել է ՀՀ վարչական դատարանում։ Գործը քննել է ՀՀ վարչա­կան դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը եւ հետաքրքիր է, որ բավարարել է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ԱՊԸ-ի հայցը։ Դատավորը անվավեր է ճանաչել էներգե­տիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխա­տակազմի ընդերքի պետական տեսչության կողմից կայացրած ակտը։

Իսկ հիմա անդրադառնանք ամենակարեւոր հարցին՝ ի՞նչ բացահայտումներ է իրականացրել էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը, որը այդքան վրդովեցրել է Սոթքի ոսկու հանքի ղեկավարությանը։ Այս հարցերի պատասխանը ստանալու համար դիմեցինք ՀՀ վարչական դատարանում էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության ներկայացուցիչ Հովհաննես Մալխասյանին։ Նա հայտնեց. «Նախարարության կողմից ստուգման ընթացքում բացահայտվել է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ԱՊԸ-ն իր գործունեության ընթացքում արդյունահանել եւ վերամշակման արդյունքում ստացել է մոտավորապես 500 կգ ոս­կի, որը ՍՊԸ-ի փաստաթղթերում եւ հաշվարկներում չի երեւացել։ Ընկերությունը առարկել է՝ նշելով որ չի կարող լինել 500 կգ ոսկի, այլ մաքսիմում՝ 8 կգ ոսկի։ Արդյունքում ԱՊԸ-ն հետագա վերահաշվարկ է իրականացրել ու հանգել է այն դիրքորոշման, որ իրենք ճիշտ են եղել։ Սակայն նշեմ, որ տեսչությունն էլ իր հաշվարկների մեջ վստահ է եւ չի սխալվում, որ ակտում նշված ոսկին ՍՊԸ-ի փաստաթղթերում եւ հաշվարկներում չի երեւում։ Հիմա վարչա­կան մարմինը վերաքննիչ դատարան բո­ղոք է ներկայացրել, եւ այն ընդունվել է վա– րույթ։ Գործով դատական նիստը նշանակվել է 2018 թվականի փետրվարի 8-ին»։

Ստացվում է, որ նախարարությունը բացահայտել է, որ Սոթքի ոսկու հանքից անհետացել է մոտ 500 կգ ոսկի, որը Սոթքի ոսկու հանքի ղեկավարությունը թաքցրել է պետությունից։

Որտեղ է անհետացած 500 կգ ոսկին։ Այս հարցի պատասխանը օրա­թերթը փորձեց ստանալ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ԱՊԸ-ի տնօրեն Անատոլի Վիկտորի Գոգոտինից, թե ուր է անհետացել 500 կգ ոսկին, ո՞վ է պատասխան տվել ընկերության աշխատակիցներից կորստի համար, եւ արդյո՞ք նախկինում ԱՊԸ-ից նման գողության դեպքեր եղել են։ Սակայն մեզ հորդորեցին հարցերը ղեկավարին ուղարկել գրավոր։ Համապատասխան հարցումն ուղարկված է, խոստացան պատասխանել ավելի ուշ։ Սակայն այդպես էլ մինչեւ օրվա վերջ ոսկու հանքից որեւէ պատասխան չստացանք։ Ու պարզաբանում ստանալու դեպքում պատրաստ ենք հրապարակել այն, եթե, իհարկե, պարզաբանեն 500 կգ ոսկու անհետացման առեղծվածը։

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ