Դեռ բանը բանից անցած չէ. Չավուշօղլուն` Քուրդիստանի հանրաքվեից
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանում անցկացված անկախության հանրաքվեին, ասել է, որ դեռ ամեն ինչ կորած չէ և Բարզանիի իշխանությունը հորդորել քայլ անել»:
Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Չավուշօղլուն ևս մեկ անգամ անօրինական է որակել քրդական տարածաշրջանում անցկացված անկախության հանրաքվեն:
Թուրքիայի արգործնախարարը մասնավորապես ասել է. «Այդ հանրաքվեն, թափանցիկ, ժողովրդավարական հանրաքվե չէ: Միջազգային հանրության կողմից դիտորդական վերահսկողություն նույնպես չի իրականացվել: Այն հակասում է Իրաքի Սահմանադրությանը և հենց այդ պատճառով էլ անօրինական է:
Սակայն դեռ բանը բանից չի անցել: Բարզանիի իշխանությունը կարող է քայլ կատարել: Եթե դադարեցնի այս գործընթացը, այդ ժամանակ Բաղդադի հետ հարաբերությունները կկարգավորի, ինքնաբերաբար կկարգավորի հարաբերությունները նաև մեր և մյուսների հետ»:
Չավուշօղլուն հայտարարել է, որ Հյուսիսային Իրաքի տարածաշրջանային կառավարությունը պետք է իր տարածքում գտնվող սահմանային անցակետերի վերահսկողությունը հանձնի Իրաքի կենտրոնական իշխանություններին:
Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ եթե Բարզանիի ռեժիմը «սխալ ճանապարհից հետ չկանգնի», Թուրքիայի կատարելիք քայլերը հիմնված են լինելու Բաղդադից եկող պահանջների վրա և համազոր են լինելու Բաղդադի քայլերին: