Շեշտակի գնաճ է. պատգամավոր
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ԱԺ հայտարարությունների ժամին բարձրացրեց ներկայիս ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի հարցը՝ ներկայացնելով թվեր: Ըստ նրա՝ ընտանիքների անապահովվածության գնահատման համակարգում 16 թ-ի հունվարի մեկի դրությամբ ընդգրկված է 47. 276 կենսաթոշակառու, որից 35 867-ը աղքատության նպաստ է ստանում: Աղքատության մակարդակը 30% է, այսինքն՝ երկրի 1 մլն մարդ: Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ միգրացիային զուգընթաց ցածր ցուցանիշներ են արձանագրվում, և վիճակագրական տվյալներով ակտիվ բնակչության 5-ից մեկը գործազուրկ է:
ԱՊՀ-ի հետ համեմատելով՝ Էնֆիաջյանն ընդգծեց, որ ՀՀ-ն ամենավատ ցուցանիշն ունի: «Վստահաբար պետք է բարձրաձայնել՝ կառավարման արդյունավետության բարձրացման խնդիր կա»,-ասաց նա:
Վահե Էնֆիաջյանը հայտնեց նաև՝ ՀՀ-ում քաղաքացիների աշխատավարձերը չբարձանալուն զուգահեռ արձանագրվում է շեշտակի գնաճ՝ կարագի գնաճ 40%, խոզի մսի շուկայում՝ 20-25 տոկոս, տավարի միսը՝ 10%, բենզինը՝ 30 դրամով: «Իսկ պատկան մարմինների կողմից որևէ պարզաբանում այս թվերի հետ կապված չկա»,-ասաց նա: