Լարված իրավիճակը կարող է կապված լինել ներքին քաղաքական գործընթացների հետ․ վրացագետ

Վրացագետ Ջոնի Մելիքյանը, «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Ախալքալաքի շրջանի հայաբնակ Գումբուրդո գյուղում տեղի ունեցած իրադարձություններին, նշեց, որ այդ լարված իրավիճակը կարող է կապված լինել ներքին քաղաքական գործընթացների հետ:
Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 30-ին լարված իրավիճակ էր ստեղծվել : Տեղի բնակիչները ցանկացել էին խաչքար տեղադրել եկեղեցու բակում թաղված շիրիմների հիշատակին: Սակայն Վրաստանի ոստիկանությունը ժամանել է գյուղ և արգելել խաչքարի տեղադրումը: Լարվածությունը վերածվել էր ծեծկռտուքի: Այս միջադեպը մեծ աղմուկ բարձրցրեց, մամուլը գրեց՝ Գումբուրդոյի դեպքի հետ կապված՝ Վլադիմիր Գասպարյանն անձամբ է խոսել Վրաստանի ՆԳ նախարարի հետ։
Վրացագետ Ջոնի Մելիքյանը շեշտեց՝ իր կարծիքով Ջավախքի Գումբուրդո գյուղում ստեղծված լարված իրավիճակը կարող է կապված լինել ներքին քաղաքական գործընթացների հետ: «Այս պահի դրությամբ, իմ կարծիքով, հարցը լուծված է: Շատ կարեւոր էր, որ ՎՀ ներքին գործերի նախարարը ակտիվ միջամտեց այդ գործնթացին, այցելեց գյուղ, նույնիսկ բանակցություններ տեղի ունեցան գյուղացիների հետ, եւ երկու գյուղացի ազատ արձակվեցին, բայց այս պահի դրությամբ հարուցված է քրեական գործ մի քանի կետերով: Եթե խոսենք սադրանքի մասին, ապա պատճառը կարող է լինել ներքին իրավիճակը»,- նշեց վրացագետը: Բանախոսը հիշեցրեց՝ առաջին հերթին ադրբեջանական մամուլը, ադրբեջանամետ վրացական կայքերը բավականին ակտիվ օգտագործեցին այդ փաստը՝ տարածելով նյութեր այն մասին, թե հայ-վրացական բախումներ են տեղի ունեցել, հայը մնում է հայ, դարձյալ ցուցաբերում է ագրեսիվություն: «Նույնիսկ հայկական մամուլում որոշակի նմանատիպ շեշտադրումներ կային, ինչը սխալ է, քանի որ չի եղել հայ-վրացական բախում, այլ միջադեպ, որտեղ ոստիկանությունը փորձել է լուծել հարցերը, եւ եղել է ուժի կիրառում: Ըստ իս՝ երկու կողմերն էլ մի փոքր չափն անցել են»,-նշեց նա: