Հեշտ չի լինի, շատ կոշտ ընտրություն է սպասվում. 168 Ժամ
«Աշխարհին սպառնում է 3 մասի բաժանում։ Ամերիկացիներն ամրապնդում են, ինչպես իրենք են հիմնավորում, Տրանսատլանտյան համակարգը։ Դա անում են ուժով։ Նրանք ստիպում են բոլոր եվրոպացիներին դառնալ կրտսեր գործընկերներ և խոնարհվել ամերիկյան շահերի աոաջ։ եվ նրանք սա են սպասում։ Դրա համար, կարծում եմ, Տրանսատլանտյան դաշինքում ճգնաժամ առանձնապես չի լինի, բայց բնական է, որ այնպիսի երկրներ ինչպես Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանը, անգամ Թուրքիան. հասկանում են, որ ԱՄՆ-ը շատ կոշտ է գործելու, և նրանք չեն ցանկանա ապրել նման համակարգում, որտեղ ամեն ինչ ստորադասվում է ամերիկյան շահերին։
Այդ պատճառով նրանք կստեղծեն և արդեն սկսել են ստեղծել տարբեր միություններ. օրինակ ԲՐԻՔՍ-ը կամ այլ այլընտրանքային միություններ ու դաշինքներ, որպեսզի դիմակայեն այս բարդ աշխարհում ամերիկյան ճնշումներին»,- թերթի թղթակցին ասել է գերմանացի քաղաքագետ, Գերմանառուսական ֆորումի գիտական տնօրեն, էներգետիկ հարցերով և ԱՊՀ երկրների գծով փորձագեա Ալեքսանդր Ռարը խոսելով ռուս- ամերիկյան հարաբերությունների մասին։ Թե ինչ սպառնալիքներ են ի հայտ գալիս Հայաստանի համար Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև այս լարվածության ավելացման հետևանքով, ըստ Ա. Ռարի, Հայաստանում քաղաքական գործիչները կույր չեն, նրանք նույնպես հասկանում են, որ այժմ աշխարհը նոր կոշտ փուլ է մտնում, որտեղ արդեն շատ դժվար է չեզոք մնալը.
«Ուկրաինական ճգնաժամից ոչ ոք անհրաժեշտ դասերը չքաղեց։ Փաստացի պայքար է գնում համաշխարհային տնտեսության վերահսկողության համար, քաղաքականության, մարդկանց գլուխների համար, որը շատ հիշեցնում է սառը պատերազմը։ Հայաստանի համար հեշտ չի լինի, Հայաստանն այլևս չի կարողանա չեզոքություն պահպանել, ինչպես դա հին սառը պատերազմի ժամանակ արեցին Ֆինլանդիան կամ Ավստրիան։
Դա հնարավոր չի լինի։ Եվ Հայաստանը ստիպված կլինի ընտրել։ Ցավոք, շատ կոշտ ընտրություն է սպասվում։ Բնականաբար, եթե ՝ Հայաստանն ամրապնդի դիրքերը և խորացնի համագործակցությունը ԵԱՏՄ-ում, ապա պետք է պատասխանատվություն կրի նրա համար, որ ԵԱՏՄ-ն ինչ-որ տեղ իր սեփական շահերը կառուցի, իր սեփական դաշինքը ստեղծի և ամրապնդի այն եվրասիական տարածքում»։
Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: