Վարչապետը կորցնում է վերահսկողությունը. Ժամանակ
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի երկու օր առաջ արած հայտարարությունը անկյունաքարային է դառնում Հայաստանի ապագա իշխանության կառուցվածքի ուրվագծման հարցում: Սեպտեմբերի 28-ին Ռոստոմյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է կատարվում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում՝ ասել էր. «Սամվել Կարապետյանը, ով մեծ ներդրում է ունեցել ըմբշամարտի զարգացման մեջ և տևական ժամանակ մեծ աջակցություն է ցույց տվել, մարզաձևին ծանր հարված հասցրեց, և եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, հայկական ըմբշամարտը կրախի առաջ կկանգներ: Փառք Աստծո, այսօր ՀԱՕԿ-ի նախագահի շնորհիվ թե՛ ծանրամարտը և թե՛ ըմբշամարտը որևէ խնդիր չունեն»:
Հրաչյա Ռոստոմյանը, լինելով կառավարության անդամ, կասկածի տակ է դնում Սամվել Կարապետյանի հայ մեծագույն բարերար լինելու հանգամանքը, և Գագիկ Ծառուկյանին գերադասում է Կարապետյանից: Եթե դա աներ «Ծառուկյան» դաշինքի որևէ պատգամավոր, ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, բայց դա անում է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության անդամը, մի մարդ, ով տեսկանորեն Կարապետյանի ենթական է, բայց գործնականում Հայաստանի կառավարությունում ամեն ինչ քվոտավորված է, և Ռոստոմյանը Կարապետյանի ենթական չէ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը, որպես Սամվել Կարապետյանի հովանավորյալ, պետք է անմիջապես հասներ Ռոստոմյանի պաշտոնանկությանը: Քանի որ վարչապետին հարիր չէ ղեկավարել մի կառավարություն, որի անդամը Սամվել Կարապետյանին մեղադրում է Ըմբշամարտի ֆեդրեացիային ծանր հարված հասցնելու մեջ:
Բայց Ռոտոմյանի հայտարարությունից անցել է երկու օր, և նա շարունակում է պաշտոնավարել: Գաղտնիք չէ, որ Ռոստոմյանը այդ պաշտոնում է Գագիկ Ծառուկյանի քվոտայով: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Գագիկ Ծառուկյանից վերցվել է մի շատ կարճ ժամանակով՝ 2013-2014թթ., երբ նախարար նշանակվեց Յուրի Վարդանյանը, իսկ դրանից առաջ և հետո այն եղել է Ծառուկյանի ազդեցության ոլորտում: Եթե Ռոստոմյանը շարունակում է պաշտոնավարել, և Ծառուկյանի կողմից որևէ արձագանք չկա Ռոստոմյանի հայտարարության վերաբերյալ, նշանակում է՝ Ծառուկյանն ինքն էլ համաձայն է Ռոստոմյանի հայտարարության հետ:
Ռոստոմյանին պաշտոնանկ կարող էր անել նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, բայց մի պայմանով, եթե ունենար նախագահ Սերժ Սարգսյանի համաձայնությունը, այսինքն՝ Սարգսյանը թույլ տար, որ այդ նախարարությունը վերցվեր Ծառուկյանի ենթակայությունից: Բայց քանի որ Ռոտոմյանը շարունակում է պաշոնավարել, նշանակում է՝ նախագահ Սերժ Սարգսյանը ևս համաձայն է Ռոստոմյանի ձևակերպումների հետ:
Ստացվում է, որ Ռոստոմյանի հայտարարությունը հավանության է արժանացել և՛ Ծառուկյանի, և՛ Սարգսյանի կողմից: Միակ մարդը, ով հայտարարություն տարածեց ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, նրա եղբայրն էր՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանը, ըստ էության, պահանջել է, որ Ռոստոմյանը հրաժարական ներկայացնի, կամ վերադասը նրան ազատի աշխատանքից: «Եվ ուրեմն, եթե մարդը չի կարողանում աշխատել, այլ զբաղված է անիմաստ դատողություններով, ուրեմն պետք է եզրակացություններ անի և տեղը զիջի կարող ուժերին»,- ասված է Կարեն Կարապետյանի տարածած հայտարարության մեջ:
Մամուլը գրել էր, որ ի պատասխան Ռոստոմյանի հայտարարության՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել ստուգումներ իրականացնել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում: Բայց ՊԵԿ-ը պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունները՝ նշելով, թե Ծառուկյանին պատկանող ընկերություններում իրականացվող ստուգումները պլանային են և ոչ մի կապ չունեն Ռոստոմյանի հայտարարության հետ: Ավելին՝ ՊԵԿ-ի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ ավելի շուտ Ռոստոմյանի հայտարարությունը կապ ունի ՊԵԿ-ի ստուգումների հետ՝ Ծառուկյանը ոչ թե նախահարձակ է եղել, այլ ընդամենը պաշտպանվել է:
Անկախ ամեն ինչից, պետք է արձանագրել, որ «Ծառուկյան» դաշինքը և անձամբ Գագիկ Ծառուկյանը վարչապետ Կարեն Կարապետյանին այսուհետ դիտարկում են որպես անձնական թշնամի, և առաջիկայում մենք դաշինքի ու կառավարության խորհրդարանական դուելների ականատեսը կլինենք: Իսկ թե ինչով կավարտվեն դրանք, և ով ում կտապալի, պարզ կլինի միայն ապրիլի 9-ից հետո:
Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: