Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Արցախ այցելած թուրք մտավորականների նկատմամբ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը «Ադրբեջանի պետական սահմանը անօրինական կերպով հատելու» մեղադրանքով հետաքննություն է սկսել սեպտեմբերի 22-ին ճանաչողական նպատակով Արցախ այցելած 4 թուրք հասարակական-քաղաքական և մշակութային գործիչների նկատմամբ:
Թեմային անդրադարձած մի շարք թուրքական թերթերում (Hurriyet, Milliyet, Posta) տեղ գտած հրապարակումներում Ադրբեջանի գլխավոր դատախազության վկայակոչմամբ նշվում է, որ թուրք գործիչները «առանց ադրբեջանի թույլտվության Հայաստանի տարածքով մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ»:
«Ադրբեջանի կողմից 4 հայտնի թուրքերին սառը ցնցուղ. կալանավորման որոշում»վերնագրով հրապարակման մեջ «Hurriyet»-ը գրում է, որ Ադրբեջանի դատախազությունը Արցախ այցելած Թուրքիայի Կանաչների և ձախակողմյանների կուսակցության հիմնադիր անդամ, «Անկարայի մտքի հարթակ» հասարակական կազմակերպության ղեկավար, Թուրքիայի 23-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Ուֆուք Ուրասի, գրող, հրապարակախոս Սաիթ Չեթինօղլուի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի ու Էրոլ Քաթըրջըօղլուի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացրել և միջազգային հետախուզում հայտարարել:
Հաղորդվում է, որ Ադրբեջանը նշյալ անձանց ձերբակալելու համար արդեն դիմել է Թուրքիայի համապատասխան կառույցներին:
Թուրքական թերի կայքը հիշեցրել է նաև Արցախ այցելած ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեպքը, որը Բաքվի խնդրանքով ձերբակալվել էր Բելառուսում, հանձնվել Ադրբեջանի իշխանությունների ու դատապարտվել նույն մեղադրանքով:
Հիշեցնենք, որ «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական կազմակերպության համանախագահ Արագած Ախոյանի նախաձեռնությամբ թուրք գործիչները սեպտեմբերի 22-ին ճանաչողական այցով գտնվել են Արցախում և Ստեփանակերտում հանդես եկել մամլո ասուլիսով: