Խաղի մակարդակը նույնն է մնալու
«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ 2018 թվականի ապրիլին ընդառաջ ինչ-որ գործընթացներ ընդդիմադիր դաշտում կլինեն, առավել ևս եթե վարչապետի պաշտոնում առաջադրվի նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Բայց ուզում եմ հարց տալ՝ ո՞րն է այդ քաղաքական գործընթացի հետապնդած նպատակը՝ համակերպվե՞լ «Հանրապետական» կուսակցության իշխանության հետ, որի իրավունքը նա արդեն «վաստակել է» խորհրդարանական ընտրություններում, թե՞ լինել ներիշխանական կոնֆլիկտում ու տեղավորվել այս կողմ կամ այն կողմ: Սա արդեն երկրորդական հարց է դառնում ինձ համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ս. Սաֆարյանը:
Ըստ վերլուծաբանի՝ իհարկե, կարևոր հարց է, բայց ամեն դեպքում առաջնային չէ՝ Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ, թե Կարեն Կարապետյանը, որովհետև շատ ավելի լուրջ է համակարգային խնդիրը: «Եթե անձերի խնդիր քննարկվի, թե ով է չարյաց փոքրագույնը, և այդպես մեխանիզմը գնա, միևնույն է՝ Հայաստանը դրանից չի շահելու, որովհետև ստացվելու է, որ Հայաստանի՝ այլընտրանքային զարգացման օրակարգ չի բերվում, այլ խաղը մնում է նորից նույն կուսակցության ներսում: Իսկ եթե շատ ավելի լայն պրոցես է գնում, դա ուրիշ խնդիր»,-ընդգծեց նա:
Ս. Սաֆարյանը նշեց, որ, ի վերջո, ընտրություններն ավարտվել են, և ի՞նչ պիտի տեղի ունենա, որ մոբիլիզացիայի բերի և հասարակությանը համախմբի այս իշխանությունների արտաքին, ներքին քաղաքականություններին այլընտրանք հանդիսացող որևէ օրակարգի շուրջ:
«Այդպիսի հնարավորություններ մենք ունեցել ենք, գոնե ապրիլյան պատերազմից հետո դա չենք արել, այդպիսի հնարավորություն էին նաև խորհրդարանական ընտրությունները, բայց այդ խնդիրը չդրվեց, չլուծվեց, այնպես որ, ես լիահույս չեմ, որ 2018 թվականի ապրիլին խաղի մակարդակը բարձրանալու է վերկուսակցական մակարդակ, և դա դուրս է բերվելու «Հանրապետական» կուսակցության դոմինանտության տիրույթներից»,-եզրափակեց վերլուծաբանը: