20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կա գենդերային խտրականությունը. կինը չի որոշում՝ աբորդ անել, թե ոչ

«Օրենքով չնախատեսված դեպքերում 12-ից մինչև 22 շաբաթական հղիության արհեստական ընդհատումը մեր երկրում արգելվում է։ 2016 թվականին ընդունվեց օրենք, ըստ որի՝ պահանջվում է հղիության արհեստական ընդհատման թույլատրված դեպքերում հղիության արհեստական ընդհատման դիմած կանանց պարտադիր տալ վերջնական որոշում կայացնելու համար ժամկետ՝ երեք օրացույցային օր ժամանակ»,-այսօր հրավիրված քննարկմանն ասաց  «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետա Զոփունյանը: Ըստ նրա՝ մեր երկրում կա կնոջ վերարտադրողականությանը վերաբերող օրենք, բայց հարկավոր է այդ օրենքը մանրամասնորեն ուսումնասիրել, համեմատել միջազգային փորձի հետ, ապա անհրաժեշտության դեպքում  կատարել որոշակի փոփոխություններ:

«Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ նախագահ Զարուհի Բաթոյանը նշեց՝ եթե խոսում ենք կնոջ վերատադրողական իրավունքի, այդ ոլորտում առկա ծառայությունների որակին ու գնին, ապա պետք է ասել՝ հաշմանդամություն ունեցողների առաջ այս հարցում ավելի մեծ խնդիրներ են ծառանում։ «Մեր բուժհաստատություններում մասնագետները հաճախ ոչ ադեկվատ վերաբերմունք են ցուցաբերում հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ, բացի այդ ֆիզիկական մատչելիության հետ կապված խնդիրներ կան։ Բայց, երբ խոսքը վերարտադրողական ծառայությունների մասին է, վստահաբար կարող ենք ասել՝ մեր օրերում բազում բուժհաստատություններ են բացվում, բայց ես տեղեկություն չունեմ, որ դրանցից ինչ-որ մեկը հարմարեցված է նաև հաշմանդամություն ունեցող կանանց համար։ Իսկ մարզերում վիճակն է՛լ ավելի վատ է»։

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք ծրագրի համակարգող Անուշ Պողոսյաննը նշեց՝  կնոջ վերարտադրողականությանը վերաբերող օրենքը մարզերում նորմալ չի գործում։ «Գեղարքունիքում հանդիպեցինք մի կնոջ, ով մեզ իր պատմությունը ներկայացրեց։ Նա ասաց՝ իրենց գյուղի բուժհաստատությունում հնարավորություն չկա հղիության արհեստական ընդհատում իրականացնելու համար, ուստի նա հղիության ընդհատում իրականացնելու համար քաղաք էր գնացել։ Նրան ասել էին, որ անհրաժեշտ է երեք օր մտածել, հստակ որոշում կայացնել։ Հետո ձյան պատճառով ճանապարհները փակվել էին, ինքը չէր կարողացել 3 օր հետո գնալ բժշկի՝ հղիությունն ընդհատելու, ու այդպես, լրացել էր հղիության 12 շաբաթը։ Եվ քանի որ բժիշկներն արդեն չէին ընդհատի նրա հղիությունը, նա ինքը տնային պայմաններում էր հղիության արհեստական ընդհատում իրականացրել։ Իսկ նմանատիպ երևույթները շատ վտանգավոր են։

Մարզերի դեղատներից շատերում չկան հակաբեղմնավորիչ միջոցներ։ Բացի այդ՝ գաղտնիության խնդիր կա։ Եթե կինը գյուղի դեղատնից հակաբեղմնավորիչ է գնում, այդ լուրը հաճախ կարող է տարածվել ամբողջ գյուղով։ Բացի այդ՝ Գեղարքունիքում ուսումնասիրություն անելիս մենք հասկացանք՝ կինը գենդերային խնդիրներ ունի․ նա հաճախ չի կարողանում օգտվել իր իրավունքից, այդ թվում՝ որոշել՝ կարելի՞ է դիմել հղիության արհեստական ընդհատման, թե՞ ոչ․ որոշ ընտանիքներում որոշումներ կայացնողը տղամարդն է։ Բայց օրենքով սահմանված է՝ կինն է որոշում՝ ցանկանո՞ւմ է հղիությունն ընդհատել, թե՞ ոչ․ դա նրա իրավունքն է», – եզրափակեց բանախոսը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ