Ես չեմ գտնում, թե նախկինում համակարգը մաքուր չէր, որ պիտի մաքրվեր. Ալիկ Սարգսյան /վիդեո/
ՀՀ անկախության 21-ամյակին նվիրված հանդիսությանը ներկա էր նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը: Henaran.am-ը մի քանի հարց է ուղղել նախկին ոստիկանապետին:
-Պարոն Սարգսյան, Դուք բավականին երկար ժամանակ հրապարակային միջոցառումների ժամանակ չէիք երեւում, տպավորությունն այնպիսին էր, կարծես ընդհատակ էիք անցել:
-Ոչ, կարծում եմ տպավորությունը ճիշտ չի եղել, որովհետեւ միշտ էլ մասնակցել եմ, ուղղակի պաշտոնս այնպիսին է, որ համեստություն է սիրում: Իմաստը` ամեն տեղ երեւալ, ելույթներ ունենալ: Նախկին պաշտոնում միգուցե ավելի ակտիվ եմ եղել, բայց էս կասկածելի տպավորություն ստեղծող քիչ երեւալը, իբր թաքնվելը ոչ մի բան չի նշանակում, մշտապես մասնակցում եմ , իսկ այսօր Անկախության օրը ինչպես կարող էի չմասնակցել:
-Ձեր պաշտոնանկությունից հետո մամուլը գրում էր, որ Դուք մեկուսացած եք, Ձեր նախկին ընկերները խուսափում են Ձեզ հետ շփումներից:
-Ոչ, մամուլը թյուրըմբռնման մեջ է ընկել, ես այդպիսի բան երբեւիցե չեմ հայտարարել: Իմ բոլոր ընկերները, նշում եմ, շեշտում եմ ` ընկերները, բոլորը իմ կողքին են, իսկ ովքեր ժամանակավորապես թյուրիմացության մեջ են հայտնվել, կարծում եմ դա ինձ չի վերաբերվում: Նորմալ է, կյանքում միշտ էլ այս երեւույթը եղել է եւ կշարունակվի:
–Որպես նախկին ոստիկանապետ ինչպե՞ս եք գնահատում ոստիկանական համակարգում իրականացված եւ ընթացող բարեփոխումները:
-Կարծում եմ` նորմալ, իրականացվել է ժամանակին, պատշաճ մակարդակով եւ այսօր էլ շարունակվում է, որեւէ խնդիր չեմ տեսնում: Ոստիկանությունը , ինչպես միշտ, հիմա էլ իր դիրքերի վրա է:
–Իսկ նոր ոստիկանապետի կոշտ մոտեցումնե՞րը: Մի շարք պատոնանկություններ հետեւեցին նրա պաշտոնավարմանը:
-Նա իր քաղաքականությունն է իրականացնում, ես նույնիսկ գնահատական տալու իրավունքը չունեմ, որովհետեւ նա տեսնում է այս պահին ինչ է հարկավոր: Կարծում եմ, սխալ քաղաքականություն չի վարում:
–Վլադիմիր Գասպարյանը իր պաշտոնավարման սկզբնական շրջանում հայտարարեց, որ համակարգը պիտի մաքրվի, ստացվում է, որ Ձեր կադրերի՞ց պիտի մաքրվեր:
-Չէ, ես չեմ գտնում, թե նախկինում վատ էր կամ համակարգը այսպես կոչված մաքուր չէր, որ պիտի մաքրվեր: Համակարգը միշտ էլ մաքուր է եղել, դեռեւս ինձնից առաջ` նախորդ նախարարի օրոք: Ես որեւէ քննադատական խոսք նրա հասցեին չեմ հնչեցրել, որովհետեւ ժառանգել եմ կառույց, որը գործում է եւ իր խնդիրն իրականացրել է:
Ընդամենը ես հասցրել եմ անել այն, ինչի կարիքը կար այն ժամանակ, ինչը ժամանակն է թելադրում: Ինձնից հետո եկող մարդուն ժամանակն այդ է թելադրել, նա էլ իր քաղաքականությունն է իրականացնում, որը ես գտնում եմ շատ նորմալ եւ ճիշտ, իսկ թե նախկինում չի եղել, նոր ինչ-որ բաներ ենք ուզում անել, դա կարծում եմ էդպես չի:
Զրուցեց` Մ. Ղահրամանյանը