Ձեռք չի տալիս ոչ մեկին էլ
՛՛Այս կառավարությունը պետք է հեռանա ՀՀ իշխանությունից…որքան շուտ հեռանաք, այնքան կօգնեք մեր ժողովրդին՛՛,-այսօր ԱԺ-ի արտահերթ նիստում, ներկայացնելով ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության տեսակետն՝ ասաց խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա նկատեց, որ փաստաթուղթը կազմելիս հաշվի չի առնվել Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցելը: ՛՛Ձեր փաստաթղթերի մեջ ամրագրված չի, որ մենք կորցնելու ենք եկամուտներ, դրանք տվյալ յուջեում հաշվարկված չեն:
Դուք միանում եք մի տնտեսական միավորի, որտեղ կոռուպցիան համատարած է՛՛,-շեշտեց նա: ՛՛Մենք ձեզ պետք է հեռացնենք, թե չէ դեռ ինչե՜ր է մեզ սպասվում Լուկաշենկոյի հետ համագործակցության հետևանքով, դեռ շատ հետաքրքիր օրեր են մեզ սպասվում այդպիսի ավտորիտար ուժերի հետ մեկ միության մեջ լինելուց՛՛,-հավելեց Փոստանջյանը՝ հայտարարելով, որ բյուջեի նախագծին ՛՛Ժառանգությունը՛՛ դեմ է քվեարկելու:
ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրեց Արծվիկ Մինասյանը՝ քննադատելով կառավարությանը: Նա նկատեց, որ կառավարությունը բացահայտ ասում է, որ այն արդյունքները, որի մասին նախօրոք հայտարարել է, չի կարողացել իրականացնել՝ հայտարարելով, թե դա ազնվություն է: ՛՛Դա աներեսության մասին է խոսում, եթե ասում եք, որ արդյունք չենք կարողանում ստանալ, հետևաբար մեզ այդպիսի ազնվություն պետք չէ՛՛: Ապա եզրափակելով Մինասյանը հարցրեց. ՛՛Թե ձե՞ռք է տալիս օլիգարխիկ համակարգով ղեկավարվող պետություն լինել՛՛:
՛՛Ձեռք չի տալիս ոչ մեկին էլ՛՛,-Մինասյանին պատասխանեց ԱԺ նախագահը: