Տպավորություն է, որ ինչ-որ մեկն ուղղորդում է այս գործը. Ս. Սաֆարյան
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/img_1025_1384417609.jpg)
Հայաստանի քաղաքական եւ մշակույթի մի շարք գործիչներ երաշխավորագիր են հղել ՀՀ գլխավոր դատախազին` Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխելու համար: Մտավորականներից շատերը կոչ են անում իրավապահ մարմիններին փոխել իրենց վերաբերմունքը:
Թատերագետ, ԱԹՍՄՀԿ նախագահ Արա Խզմալյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում նշեց, որ ինքը արդեն որերորդ օրն է` չի դադարում զարմանալ, թե որքան վատ գիտենք մենք մեր օրենքները:
“Վարդան Պետրոսյանի այս դեպքն ակամա նպաստեց, որպեսզի մեր իրավական ոլորտի ու իրավագիտակցության անկման մակարդակը երեւա: Բարձրաձայնվեց, քանի որ ողբերգական պատահարի մասնակից էր սիրված դերասանը: Մենք պարզապես իրավագիտության բացակայության հետ գործ ունենք”,- ասաց նա` ընդգծելով, որ անկատար օրերնքների պատճառով բազմաթիվ մարդիկ են տուժում, սակայն այդ մասին չի բարձրաձայնվում:
Երգահան Մարիետա Բադալյանն էլ, խոսքն ուղղելով Վարդան Պետրոսյանի գործով զբաղվող քննիչին, ասաց, որ երգիծական ժանրը, որի ներկայացուցիչն է Վարդան Պետրոսյանը, հասարակոսւթյան արատավոր երեույթներն է հանում վեր եւ բուժիչ նպատակ ունի:
“Նա շատերի ոտքն է տրորել երեւի, որ այդպես շուտափույթ կալանավորվեց: Քննադատել է շատ, խնդիրներ է վեր հանել, դրա համար էլ այդպես ստացվեց”,- ասաց երգահանը` կոչ անելով մինչեւ դեպքի իրական մանրամասները չգիտեն` “չմահացնեն կենդանի մարդուն”, տեսնեն, թե ինչ սարսափելի հոգեվիճակում է Վարդան Պետրոսյանը:
“Ժառանգություն” կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն էլ ասաց, որ Հայաստանում արատավոր պրակտիկա է դարձել հավասար նժարի վրա դնել թե ամենամանր հանցանք կատարածին, թե` ամենամեծ ու մինչեւ մեղքի ապացուցելը կալանքը որպես խափանման միջոց կիրառելը:
“Վարդանի ողբերգության շնորհիվ բարձրաձայնվեց մի խնդիր, որից շատերն են տուժում: Մարդիկ ովքեր իրենց խոսքն են բարձրաձայնում, չի նշանակում, որ չեն ցավում կամ զգայուն չեն մյուս կողմի ողբերգության համար: Սակայն ոչ մեկ ապահովագրված չէ նման բանից: Մենք պարզապես արդարություն ենք ուզում”,- ասաց բանախոսը:
Ըստ Ստյոպա Սաֆարյանի` դեռ ոչ ոք հաստատ չգիտի, թե ինչ է իրականում տեղի ունեցել եւ կոնկրետ ով է մեղավոր եղել: Մի բան հստակ է` սա միտումնավոր կատարած արարք չէ:
“Բոլորս գիտնենք, որ Վարդանն այդ տեսակը չէ եւ որ մեղքի զգացումը նրան ողջ կյանքում ուղեկցելու է: Ու նման պարագայում, երբ միտումնավորություն չկա, երբ հանգամանքները դեռ պարզ չեն, կալանքը տեղի է տալիս մտածելու, որ ինչ-որ մեկն ուղղորդում է այս գործը”,- ասաց նա:` ընդգծելով, որ հասարակությունը պետք է հետեւողական գտնվի, ու պայքարը պետք է շարունակվի:
Արա Խզմալյանն էլ նշեց, որ այս հարցը Վարդան Պետրոսյանի անձից պետք է ավելի լայն հասարակական ոլորտ տեղափոխվի, որպեսզի մեր դատաիրավական համակարգը փոխվի:
“Նորմալ երկրում մարդու իրավունքները պաշտպանելու համար չպետք է հասարակությունը ոտքի կանգնի: Իրավական համակարգը պետք է ճիշտ գործի”,- ասաց նա:
Մինչ այս պահը արդեն մոտ 80 մտավորական ստորագրել է երաշխավորագրի ներքո: Նրանց պահանջը մեկն է` դերասանի նկատմամբ խափանման միջոցը փոխել եւ արդար հետաքննություն իրականացնել: