Այդ եռամիասնությունը վեր է ցանկացած տիպի կուսակցամոլական խաղերից. Շարմազանով
Մեկնաբանությունները, թե «Հայաստան-Սփյուռք» և նմանատիպ այլ համաժողովները սփյուռքից ֆինանսական աջակցության, ինչպես նաև իշխանությունների համար իրենց լեգիտիմությունը ցույց տալու համար են արվում, ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի համար անտրամաբանական են: «Նախ, իշխանությունը լեգիտիմության խնդիր չունի։ Վերջին ընտրություններն անցել են նորմալ և այդ ընտրությունների արդյունքները որևէ լուրջ քաղաքական ուժի մոտ կասկած չեն առաջացրել։ Որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ փաստեր չի ներկայացրել ոչ ԿԸՀ, ոչ ՍԴ՝ վիճարկելու համար ընտրությունների արդյունքները։ Բոլորը վերցրել են մանդատները և ընդունում են արդյունքները։ Ընտրությունների արդյունքներն ընդունում են և ԱՄՆ դեսպանը, և ԵՄ դեսպանը, և բոլոր միջազգային դիտորդական առաքելություններն՝ առանց բացառության»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա։
Բացի այդ Շարմազանովը նկատեց, որ բոլոր նրանք, այդ թվում քաղաքական գործիչներ, ովքեր նշում են, որ Հայաստան-սփյուռք համաժողովի նպատակն իշխանությանը PR անելն է և այլն, ինքը լուրջ չի վերաբերվում, որովհետև դրանք օդում խոսացող գնահատականներ են։ «Իսկ համաժողովն անում ենք, որովհետև գիտակցում ենք, որ Հայաստանը մի երկիր է սփյուռքով և լրիվ այլ երկիր է առանց սփյուռքի։ Անում ենք նրա համար, որովհետև ունենք շատ մարտահրավերներ, և այդ մարտահրավերներն առանց սփյուռքի գործուն մասնակցության անհնար է ավելի արդյունավետ լուծել։ Գտնում ենք, որ ինչպես Իսրայելն է բոլոր հրեաների հայրենիքը, և երբ երկու հրեա հանդիպում են անկախ նրանից՝ որտեղ են ապրում, նրանց հայացքներն ուղղվում են Երուսաղեմ, անում ենք նրա համար, որ յուրաքանչյուր հայի հայացք ուղղվի Երևան և Ստեփանակերտ, որ յուրաքանչյուր հայ հասկանա, որ հայն անկախ նրանից, թե որ երկրում է ապրում, ունի հայրենիք, որի անունն է Հայաստանի Հանրապետություն՝ Արցախն էլ մեջը, և որը ունի մարտահրավերներ, որոնց պետք է մասնակից լինի յուրաքանչյուր հայ»,-շեշտեց նա։
ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչը հավելեց, որ սփյուռքահայերի թիկունքին կանգնած է լինելու նաև Հայաստանը, որովհետև մի բան է, երբ դու ծագումով հայ ես ու ապրում ես մեկ այլ երկրում ու չունես անկախ երկիր, մեկ այլ բան է, երբ դու ԱՄՆ-ի քաղաքացի ես, ՌԴ քաղաքացի ես, Լիբանանի կամ Ավստրալիայի հայ քաղաքացի ես, բայց ունես պատմական Հայաստան, որտեղ դու միշտ տեղ ունես։ «Այստեղ շատ ճիշտ ասաց Արամ Ա կաթողիկոսը՝ Հայաստանը զբոսաշրջության կամ բիզնեսի վայր չէ միայն, Հայաստանը նախևառաջ կոնկրետ հայրենիք է։
Ինչպես Վանո Սիրադեղյանը կասեր՝ Հայաստանը պետք է սիրել կոնկրետ ու մանրամասն, ոչ թե վերացական ու վիրտուալ։ Համաժողովն անում ենք հենց դրա համար։ Մեր պետության, մեր ժողովրդի ամենակարևոր մեսիջներից ու գաղափարախոսություններից մեկը պետք է լինի Հայաստանի, Արցախի և սփյուռքի եռամիասնությունը՝ անկախ նրանից, թե ով է իշխանության՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը, թե նոր ստեղծված ինչ-որ մի կուսակցություն։ Այդ եռամիասնությունը վեր է ցանկացած տիպի կուսակցամոլական խաղերից։ «Կուսակցությանս հետ, բայց ազգիս համար», սա է մեզ սովորեցրել Նժդեհը, և պետք է գնալ այդ պատգամով,-եզրափակեց Է. Շարմազանովը։