Կամ «կթու կովի» սինդրոմ, կամ Հայաստանը բոլորինն է,
Այսօր հանդիսավոր կերպով մեկնարկեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը: Ընդհանուր առմամբ՝ դա լավ փաստ է, որ կարող է վերջին տարիների ընթացքում ՀՀ-Սփյուռք ֆորմատում ճաքեր տված հարաբերությունների վերարժևորման համար լավ հնարավորություն դառնալ: Հենց այս առումով տրամաբանական ու սպասելի էր, որ համաժողովի ժամանակ ու նրա կուլիսներում պետք է սուր, քննադատողական և մտահոգություններ պարունակող հայտարարություններ հնչեցվեին: Մյուս կողմից մինչ օրս մենք՝ հայաստանաբնակ հայերս, և մեր սփյուռքահայ հայրենակիցներն իրենց համար չեն հստակեցրել դիմացի կողմի ով լինելը, նրա կարևորության սահմանը, նրա հետ շփվելու ձևն ու ֆորմատը, էլի շատ-շատ հարցեր …
Երբ մենք խոսում ենք Հայաստան-սփյուռք հարաբերություններից ու իրապես, ոչ հռչակագրային նպատակ ունենք ինստիտուցիոնալ ճգնաժամ ապրող ՀՀ-ի կազդուրման համար օգտագործել դրսի ներուժը, մենք մի շարք հարցադրումների պետք է կարողանանք շիտակ պատասխանել:
– արդյո՞ք հայկական սփյուռքի բոլոր հատվածները (ԱՄՆ-ի, Եվրոպայի, ՌԴ-ի, Վրաստանի ու Մերձավոր Արևելքի ու Թուրքիայի հայկական համայնքներ) ՀՀ-ի համար միանման կարևոր են: Մյուս կողմից՝ արդյո՞ք սփյուռքի տարբեր հատվածների համար ՀՀ-ն նույնչափ արժեքավոր է: Այսինքն՝ արդյո՞ք Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, և հայրենիք ասելով՝ այս պարագայում ի՞նչ ենք հասկանում:
– արդյո՞ք սփյուռքի ֆինանսական ներդրումները Հայաստանում նրան լեգիտիմ իրավունք են տալիս մասնակցելու ՀՀ-ի քաղաքական գործընթացներին կամ միջնորդավորված աջակցել դիմադիր/ընդդիմադիր այս կամ այն կուսակացությանը, խմբին: Ասենք՝ «ՀԷՑ»-ի կամ «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատերերը կարող են քաղաքական գործունեությամբ զբաղվել, այդ թվում՝ ընդդիմանդիրներին օժանդակելով, թե՞ դա բացառվում է:
– լինելով տարբեր, երբեմն միմյանց մրցակից ու հակադրվող երկրների քաղաքացիներ՝ ինչպես են սփյուռքահայերը պատկերացնում ՀՀ անվտանգության ու բանակաշինության ոլորտում իրենց ներդրումը ու մասնակցությունը:
– հայկական սփյուռքի և նրա տարբեր հատվածների ու Հայաստանի օրակարգում Թուրքիայի և ցեղասպանության հարցադրումն ի՞նչ շեշտադրումներով է առկա:
– ի՞նչ կեցվածք ու մոտեցումներ են որդեգրում սփյուռքահայրերը, երբ իրենց բնակության ու քաղաքացիության երկիրն աջակցում ու զինում է ՀՀ-ի թշնամի երկրների: Միաժամանակ ՀՀ-ն ի՞նչ ակնկալիքներ ունի իր համայնքներից նման բարդ իրավիճակում:
– ի՞նչ վստահելի մեխանիզմ է ՀՀ-ի պատկան մարմինների մոտ առկա՝ բեկանելու սփյուռքահայերի մոտ «կթու կովի» սինդրոմը, որն, անկասկած, բացի որոշ միգուցե մասնավոր փաստերից ու իրողություններից, իր մեջ պարունակում է նաև քաղաքակրթական ընկալման խորքային տարբերություններ:
Իրականում հարցադրումները շատ ավելին են, քան վերևում եմ ներկայացրել: Տարիներ շարունակ սփյուռքն ու ՀՀ-ն չեն գտել այն բանալին, որը նրանց լիարժեք վստահության մթնոլորտի ներքո կմոտեցնի իրար: Ու ամենակարևորը՝ այդ մոտ լինելը չպետք է տեղավորվեր «տելետոնների» ու տարբեր դրամահավաքների ֆորմատում, այլ տեսանելի պետք է լիներ ՀՀ-ում սփյուռքի տարաբնույթ հատվածների իրավահավասար ու մրցունակ բիզնես դնելու, բնակության համար ՀՀ տեղափոխվելու և ՀՀ քաղաքացի դառնալու օրակարգերում: Ու երբ դա տեսանելի կլինի «Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է» վիրտուալ թեզը իրապես իրողություն կդառնա:
Ալեն Ղեւոնդյան