Մենք դեմ ենք Սերժ Սարգսյանի՝ երրորդ անգամ ընտրվելուն. «Ելք»
«Ելք» խմբակցությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ նախագիծը շրջանառության ու քննարկման դաշտ է դնում ոչ թե սեփական համակիրների համար, այլ հասարակության համար: «Մեզ համար ակնհայտ են այնտեղ գտնվելու վնասները, բայց մենք հստակ անհրաժեշտություն ենք գտնում լուսաբանելու, թե ինչ գրանցվեց, սա անհրաժեշտ է մեր հանրությանը, սա կլուսաբանվի ի վերջո»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Նա հիշեցրեց, որ իրենք առաջարկել են ստեղծել ժամանակավոր հանձնաժողով ԵԱՏՄ-ի վերաբերյալ, և եթե դա մերժվի, ապա այլ լծակներ կան՝ այս նախագիծը տանելու Ազգային ժողով:
Ինչ վերաբերում է քաղաքական այլ զարգացումներին, մասնավորապես ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությանը, թե նախագահ Սերժ Սարգսյանը 2018 թվականից հետո էլ պիտի լինի երկրի ղեկավար, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Ինչպես է վերաբերում Գալուստ Սահակյանը Սերժ Սարգսյանին, իրենց անձնական հարաբերություների խնդիրն է, բայց Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով վերարտադրության պրոցեսն անընդունելի է «Ելք» դաշինքի համար:
Հայաստանի ադրբեջանացումը մեզ համար բացարձակապես անընդունելի է: «Ելքն» ամեն ինչ կանի, որ ՀՀ քաղաքացիներն իմանան, որ կարող են դուրս գալ փողոց և թույլ չտալ նման զարգացումներ, և եթե «Ելքից» որևէ բան կա կախված, մենք դա կանենք՝ իմանալով, որ մենք կաշկանդված ենք, որպեսզի ժողովրդին հերթական հիասթափությունը չպատճառենք ու ժողովրդին պարտության չտանենք»:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ՀՀԿ ցանկացած թեկնածու իրենց համար անընդունելի է, ապա նա նկատեց, որ իշխանափոխություն անելն 2018-ից ավելի հեշտ է՝ ըստ Սահմանադրության: