Ո՞վ ասեց, որ հիմա «Դաշնակցության» համար լավ է. Արմեն Ռուստամյան
«Բնական է, որ նոր է ամեն ինչ իր հունի մեջ մտնելու, վաղ է եզրակացություն անել, թե անորակ Ազգային ժողով է»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ի պատասխան հարցին, թե համաձայն է, որ այս խորհրդարանը որակապես զիջում է նախորդին, քանի որ ամբողջ քառօրյայի ժամանակ ոչ մի թեժ քննարկում չեղավ: Ռուստամյանը խոստացավ՝ թեժ քննարկումներ դեռ կտեսնենք առաջիկայում: «Հիմա մի քիչ անցումային, սպասողական մարտավարություն են շատերը վարում, քանի որ գիտեն, որ էական փոփոխություններ և գործիքներ, որ խորհրդարանն իր տեղում լինի, կլինի եկող տարվանից:
Բոլորն սպասում են, թե վերջնական ինչպիսի դասավորումներ ու գործընթացներ կլինեն: Ինտենսիվ ելույթներ ամբիոնից չեն եղել, դա կախված է եղել նաև նրանից, թե ինչ օրինագիծ են քննարկում, սակայն մենք կոալիցիայում ենք, կարող ենք մեր տեսակետը նաև նախապես արտահայտել հարցերի շուրջ»,-հավելեց ՀՅԴ-ական պատգամավորը:
Ինչ վերաբերում է մինչև ապրիլի 9-ը սպասվող իրադարձություններին, ապա Արմեն Ռուստամյանն ընդգծեց. «Եթե կոնկրետ հարց չկա, հիպոթեթիք քննարկումները արդյունք չեն տալիս, ինչքան օրերը մոտենան, այս աժիոտաժը կմոտենա: Ապրիլի 9-ի համար էլ բոլոր քննարկումներն առջևում նկատի ունենալով՝ մենք պետք է անշրջելի դարձնենք այս գործընթացը:
Հարցին, թե իրենք մեղավոր զգում են, որ երկում նման ծանր իրավիճակ է, պատգամավորն արձագանքեց. «Անլուրջ են այն քաղաքական ուժերը, որոնք համարում են, որ պատասխանատվություն կամ մեղքի բաժին չունեն, չի կարող քաղաքական ուժը մեղքի բաժին չունենալ, եթե լուրջ ուժ է»:
Իսկ ինչ բարեփոխումներ է արել նախագահ Սերժ Սարգսյանը հասարակության համար հարցին, Ռուստամյանը նշեց. «Մեզ համար ակնհայտ են բարեփոխումները, Սերժ Սարգսյանն, ըստ էության, ընդունեց մեր առաջարկած 7 կետերը, գլոբալ առումով Հայաստանի ընթացքի մեջ տեղի է ունեցել բեկում, մենք նոր համակարգ ենք որդեգրել՝ դրանից բխած ամեն ինչով: Ամբողջ հասարակության կողմից չեմ կարող գնահատականներ տալ: Ղարաբաղի խնդրի, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված կտրուկ գործողություններ ու փոփոխություններ են եղել, նույն Կառավարության գործունեությունը»: Նա որպես օրինակ բերեց նաև հարկային ոլորտի դրական փոփոխությունները:
Դիտարկմանը, թե նշվածները դրական են «Դաշնակցության» համար, բայց ոչ ժողովրդի համար, Ռուստամյանն արձագանքեց. «Երբեք պատմության մեջ չեք կարող մատնանշել մի ժամանակահատված, երբ «Դաշնակցության» համար լավ է եղել, ժողովրդի համար՝ վատ»: Լրագրողի դիտարկմանը, թե հիմա այդպես է, նա ասաց. «Ո՞վ ասեց, որ հիմա «Դաշնակցության» համար լավ է»: