Տրենդը՝ ոնց ենք գնում, որոշ չափով բավարարում է. վարչապետ
«ՀՀ քաղաքացու վիճակը որքանով է փոխվել, դուք գո՞հ եք արդյունքներից, թե՞ ոչ»,-այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետին Կարեն Կարապետյանին հարցրեց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Վարչապետն ասաց, որ ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել գյուղատնտեսության, էկոնոմիկայի, տարածքային զարգացման ոլորտներում ինչ արդյունք է գրանցվել, մակրոտնտեսական թվեր են նաև ընդգրկված: Նա նաև հավելեց, որ նախարարները սեպտեմբերին հանդես կգան ասուլիներով:
«Մենք ձեզ ներկայացրել ենք մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք մեր տարածաշրջանում, ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում լավագույնն են, ներողություն եմ խնդրում, եթե անհամեստ հնչի: Մենք պրակտիկորեն չունենք քաղաքացի, որը չի ուզում իր կյանքի որակը բավարարել»,-ասաց վարչապետը, բայց հավելեց, որ դա չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծել են: Նա նկատեց, որ իհարկե, մեկ տարվա ընթացքում չէին կարող բոլոր քաղաքացիների խնդիրները լուծել: «Բայց տրենդը՝ ոնց ենք գնում, կարծում եմ, որ այս պահին մեզ որոշ չափով բավարարում է»: Վարչապետը նաև ասաց, որ կան ծրարգրեր, որոնց տեմպից այս պահին դժգոհ են:
Պատգամավորը նաև բարձրացրեց աղբահանության հարցը: «Աղբի թեման մեր հանրապետությունում հին է, առողջապահական լուրջ խնդիրներ է պարունակում, ե՞րբ ենք վերջապես լուծելու այս խնդիրը, ե՞րբ ենք համապատասխանելու եվրոպական չափանիշներին»,-հարցրեց Մարգարիտ Եսայանը:
Կարեն Կարապետյանն արձագանքեց, որ այս խնդիրը լուծելու տարբերակը գիտեն: «30 տոկոսով է աճել սանմաքրման և աղբահանության աճը: Պրինցիպալ, ֆունդամենտալ մենք սանմաքրման և աղբահանության խնդիրը լուծելու տարբերակը գիտենք: Առաջին հերթին մենք մարզեր այցի ժամանակ քննարկվող հայտանիշներում կտրուկ դնում ենք աղբահանության հարցը: Առաջին դիտարկումները ցույց են տալիս, որ մեր խոշոր համայնքների ներքին բյուջեներն այսօրվա սակագների դեպքում ճիշտ կատարելու դեպքում բավարար են, որպեսզի ծախսերը կատարվեն սեփական եկամուտների հաշվին, ոչ՝ սուբսիդավորման»,-բացատրեց գործադիրի ղեկավարը: