«Իմ խնամին թող օրենքով երգի» . Գյումրու ավագանու «անդորրը» խախտվեց
Գյումրու ավագանու 3-րդ նստաշրջանի գումարման առաջին նիստին ներկա էին բոլոր խմբակցությունները: Ինչպես միշտ, «Բալասանյան» դաշինքի 17 անդամն էլ միաձայն կողմ էին քվեարկում, հարցեր ու ելույթներ չկային, բայց «անդորրը» խախտեցին ԳԱԼԱ, ԲՀԿ, ՀՎԿ խմբակցությունների անդամները:
Բավական հետաքրքիր էր քաղաքի բյուջեից «Գյումրու օր» ևանկախության օրվան նվիրված տոնակատարությունների համար նախատեսված ծախսերը: Գյումրու քաղաքապետարանն առաջարկում է այս 2 տոների անցկացման եւ կազմակերպման համար ծախսել 8 մլն ՀՀ դրամ,
ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Արմեն Բադեյանը առաջարկեց 8 մլն-ը հրավառության եւ համերգի կազմակերպման համար ծախսելու փոխարեն նշված գումարի շրջանակում 2 անօթեւան բազմազավակ ընտանիքի հատկացնել բնակարան:
Սամվել Բալասանյանը ջղաձգվեց ու ընդհատելով Ա.Բադեյանին. «Դուք ունեք ելույթի հնարավորություն, այդ առաջկությունները հարցի տեսքով արեք»:
Այդ ընթացքում նիստը նախագահող Ս.Բալասանյանը ավելի լարվեց, երբ ԳԱԼԱ խմբակցության ներկա 3 անդամներն էլ հայտնեցին, որ հարց ու ելույթ ունեն:
ԳԱԼԱ ավագանու անդամ Արման Գրիգորյանը մատնացույց արեց հրապարակված նախագիծ-նախահաշիվն ու նշեց, որ անհրաժեշտ է նախահաշիվը ավելի բաց ներկայացնել:. «Համայնքապետարանը պետք է հաշվետու լինի, որ ժողովուրդը մտավախություն չունենա, որ այստեղ հնարավոր են ինչ որ ատկատներ, կոռուպցիոն ռիսկեր»:
Լ.Ջիլվայանն ու Ս.Բալասանյանը, միմյանց հերթ չտալով, հայտարարեցին, որ ժողովուրդը համոզված է, իրենք լավ են աշխատում, նույնիսկ` իդեալական:
«Մեզ մոտ ամեն ինչ բաց է ու թափանցիկ»,-ասաց Լ.Ջիլավյանն ու ընթերցեց որոշ տողեր: Լ.Ջիլավյանը վստահեցրեց, որ ավագանու որոշմամբ հաստատվելուց հետո պայմանագրեր են կնքում բոլոր կատարողների հետ, անգամ` երգիչների:
Բայց Գալա Խմբակցության անդամներից մեկն իր փաստարկները ներկայացրեց. «Գյումրու քաղաքապետարանի ներկայացրած նախահաշիվն ու նախագիծը, որքան էլ զարմանալի լինի, հակասական է: Նախահաշվում նշված են որոշ ծառայությունների մատուցման գումարների չափեր, սակայն դեռեւս անհայտ են թե ովքեր են այն ընկերությունները, անհատ ձեռներեցները, որոնք մատուցելու են այդ ծառայությունները, գուցե ծանոթ-բարեկամ են, կամ որտեղից են տեղյակ ու վստահ, որ կգտնվի մի այնպիսի ընկերություն, որը կհամաձայնի նշված գումարով կատարել անհրաժեշտ աշխատանքը կամ մատուցել ծառայություն»:
Լ.Ջիլավյանը նորից հայտնեց, որ դեռ չեն ընտրել ընկերությունը, պայմանավորվածություն էլ չունեն որեւէ ընկերության հետ, իսկ ծանոթ-բարեկամ գուցե և լինեն, քանի որ Գյումրին փոքր քաղաք է ու գուցե լինեն: Իրենք տեղյակ չեն:
Ս.Բալասանյանը, նկատելով, որ իրավիճակը թեժանում է, ասաց. «Հիմա իմ խնամին կարող է երգիչ լինի, չերգի՞»: Քրիստինե Մկրտչյանն հակադարձեց. «Թող օրենքով երգի»
Բալասանյանը շարունակեց. «Որեւէ մեկը որեւէ բանով չկասկածի, շատ թափանցիկ է աշխատանքը, իդեալական ենք աշխատում, եւ ուզում ենք, որ դուք օգնեք այդ աշխատանքներին, կան թերություններ, ինչու չէ: Ու պետք չէ գումարները փոշիացնել»:
Արմենուհի Վարդանյանն առաջակեց իրենց ներկայացնել ծախսերի կատարողականը, անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի յուրաքանչյուր բնակիչ տեղյակ լինի, թե որ գումարն ինչ նպատակով է ծախսվել:
Լ.Ջիլավյանն ու Ս.Բալասանյանը համաձայնեցին, անհրաժեշտ փաստաթղթղերը, պայմանագրերը հանձնելու են ԳԱԼԱ-ին:
4 դեմ, 2 ձեռնպահ, 26 կողմ քվեարկությամբ ընդունվեց այս որոշումը:
«Գյումրու օր»-ը նշվելու է հոկտեմբերի 1-ին, շահագործման է հանձնվելու Պիոներ պալատի մասնաշենքը, վերաբացվելու է Ռուսթավելի փողոցը եւ այլն: Ս.Բալասանյանը նշում է, որ ոչ միայն կենտրոնում, այլեւ քաղաքի ծայրամասային թաղերում էլ է զգացվելու տոնախմբության շունչը: