Նույն գաղջը
«Արդեն մեկ տարի է լրացել Կարեն Կարապետյանի պաշտոնավարումից։ Ես վստահաբար կարող եմ ասել՝ ոչ մի էական բան չփոխվել։ Նույն գաղջ մթնոլորտը մնաց, թեև պիտի ասեմ՝ որոշակի դրական տեղաշարժեր եղել են։ Նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատելով՝ կարող ենք ասել ՝ մեր տնտեսական դաշտում որոշ բաներ փոխվել են, բայց հարկ է հասկանալ՝ իշխանությունները այդպես էլ մեծ հաջողությունների չհասան», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։
Վերջինս շեշտեց՝ ՀՀ-ում որպես այդպիսին՝ իշխանություն չկա․ կան քաղաքական խմբեր։
«Եթե մի երկրում իշխանութուն է լինում, այդ իշխանությունը վեր է կանգնում ամեն ինչից ու փորձում է լուծել իր երկրի առաջ ծառացած խնդիրները, բայց մեր երկրում չկա այսպիսի իշխանություն։ Մեր երկրում ինչ-որ հարցի վերաբերյալ հստակ, համակարգված մոտեցում չկա։ Մեկ տարի է անցել վարչապետի պաշտոնավարումից, բայց ինչ -որ կարևոր հարց լուծվե՞լ է, ես կարծում եմ ՝ ո՛չ։ Քաղաքական դաշտի մասին խոսելով՝ պիտի ասեմ՝ մեր իշխանություններն ուղղակի ուզում են վերարտադրվել, ուրիշ ոչ մի ցանկություն չունեն։ Այնպես չէ, որ իշխանության մեջ բոլորն են այդպիսին։ Անշուշտ, իշխանության մեջ կան նաև ազնիվ, անկաշառ մարդիկ, անգամ այնպիսիք, որ սեփական բիզնես էլ չունեն․ ես ճանաչում եմ այդպիսիներին։ Բայց, բոլորդ գիտենք՝ ընդհանուր առմամբ, վիճակն ինչպիսին է։ Մեր երկրում տնտեսությունը փողի կարիք չունի, թեև շատերը խոսում են այդ մասին։ Այո, հիմա մեր տնտեսությունը այդ վիճակին է հասել։ Մի ոլորտ չկա, որտեղ կարելի է ներդրում անել։ Վիճակը, իսկապես, շատ վատ է․ մեր տնտեսական միջավայրն այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ առաջ ընթանալու հնարավարություն չունի, քանի որ իշխանությունները դրան չեն էլ ձգտում», – նշեց Բագրատ Ասատրյանը։