Ջրվում է
Հայաստանի քաղաքական կյանքը կարծես արթնանում է եռամսյա քնից։ Արդեն նկատվում է թե՛ խորհրդարանական և թե՛ դիվանագիտական ակտվություն։ Ինչպես տեղեկանում ենք մամուլից, սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ Ելք խմբակցության նիստը, որի ընթացքում ընդունվել է օրենսդրական նախաձեռնության կարգով «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Աժ հայտարարության նախագիծ ներկայացնելու վերաբերյալ որոշումը։
Ելք դաշինքի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դիրքորոշման վերաբերյալ առկա էին բազմաթիվ հակասական կարծիքներ։ Եթե մտովի հետ գնանք, ապա կհիշենք, որ ամեն ինչ սկսվեց Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի հակասական հայտարարություններից հետո։ Եվ ահա, տրամաբանական էր, որ դաշինքից եկած այս տեսակ «ավետիսից» հետո Ելքի ֆեյսբուքյան ակտիվը ստանալու է լուրջ «կոզր» սոցիալական ցանցերում խաղացնելու համար։ Այնուամենայնիվ, կա մի փոքրիկ նրբություն։
ՀՀ ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում Ելքի նոր նախագծի թեմայի վերաբերյալ նշել է․ «Բա ասում էին, թե Ելքում կոնսեսուս չկա, թե Ելքի քաղաքական ուժերը տարբեր աշխարհաքաղաքական մոտեցում ունեն, և Ելքը էսօր-վաղը պառակտվելու է…»։
Այս արտահայտությունը չի դիմանում անգամ ամենապրիմիտիվ քննադատության։ Այն, որ Ելք-ը նախագիծ է ներկայացրել ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ, դա իրականում էլ ավելի է բարդացնում իրավիճակը։ Ոչ վաղ անցյալում նույն պարոն Արամ Սարգսյանը կայքերից մեկի հետ զրույցում նշել էր, որ Ելքը նման ռեսուրս չունի ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար՝ հավելելով, որ նպատակահարմար չի դաշինքի համար 8 հոգով ԱԺ-ում գործընթաց սկսել։ Այսօր արդեն Արամ Սարգսյանը պարծենում է, թե, տեսա՞ք, կոնսեսուս կա, Ելքում էլ բոլորը նույն հայացքներն ունեն։
Իրականում սա նոր խնդիր է դնում Սարգսյանի առջև․ պետք է հիմնավորել՝ ի՞նչ փոխվեց այս կարճ ժամանակահատվածում, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացն իր և դաշինքի համար իրատեսական ու շոշափելի է դարձել։ Կարծեմ՝ Ելքի թիվը խորհրդարանում չի ավելացել։ Միակ տարբերությունն այն է, որ արձակուրդից վերադարձել է Փաշինյանը։ Այս պարագայում կարող ենք գործ ունենալ երկու տարբերակի հետ․
1․ Արամ Սարգսյանը խոսում է, նոր մտածում։
2․ Դաշինքում «իտոգ» տալիս է Փաշինյանը։
Այնուամենայնիվ, հաշվի առնելով Արամ Սարգսյանի և, ընդհանրապես, Ելքի մի քանի հակասական հայտարարություններն ու նման վերջաբանը, կարելի է փաստել, որ այս թեմայի վերաբերյալ Ելք-ը շատ ու շատ հարցեր է անպատասխան թողել։ Պետք է չափազանց ուշադիր գործեն, հակառակ դեպքում կարող է ջրվել Ելքի շուքով ներկայացրած այս «թերզը»։
Արման Ալավերդյան