«Մի քանի հոգու համար, որ ստից ընդդիմադիր են գրվել, փոխե՞նք պատմության էջը»
Հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ փողոցների անվանափոխության հարցեը բլեֆի ժանրից է, մարդկանց ուշադրությունը շեղելու համար է: «Այդ մյասնիկյանները, միկոյանները, մնացածը մեզ ժառանգություն թողեցին աշխարհի գեղեցկագույն քաղաքներից մեկը:
Ո՞վ էր Նապոլեոն Բոնապարտը Ֆրանսիայի համար, Ֆրանսիայի մշակույթն ավերող մեկը, բայց նրան չեն մոռանում: Մենք պե՞տք է պատմական հիշողություն ունենանք, թե՞ չունենանք, այնպես խրոխտ այս հարցը բարձրացնում են, որ էս է, սա վերջին կետն էր, որ աղքատությունը կիջնի, ՀՀԿ-ն կդառնա մարդասեր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա :
Ըստ նրա՝ ավելի լավ է խոսել երկրում եղած ծայրահեղ վատ իրավիճակից: «Եկեք, խոսենք մեր ցավուդարդից, խոսենք, թե այս 10 տարիների ընթացքում ինչ վիճակում է հայտնվել հայ ժողովուրդը, այդ պատմության էջը մի քանի հոգու համար, որ ստից ընդդիմադիր են գրվել, թողե՞նք, փոխե՞նք»,-հավելեց նա:
ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն էլ դեմ արտահայտվեց փողոցների անվանափոխության վերաբերյալ «Ելքի» առաջարկին: «Մեկ այլ բան է փաստաթղթի տակ ստորագրելը, մեկ այլ բան է ներքին խոհանոցը: Սա քննարկման լուրջ խնդիր է, բացի այդ անժամանակ է: Հասկանանք, որ սա մեր պատմությունն է, ճիշտ, թե սխալ, լավ, թե վատ»,-նկատեց նախկին պատգամավորը:
ԱԺԴ կուսակցության ղեկավար, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը հակառակ կարծիք ունի: Ըստ նրա՝ եթե որևէ մեկը վատություն է արել հայ ժողովրդին, իհարկե, նրանց անուններով փողոցներով չպիտի լինեն: «Մենք սրիկայի անունով փողոց ենք կոչում, արձան ենք դնում, հետո էլ ասում ենք՝ դե ի՞նչ պիտի լիներ, պատմություն է: Ի՞նչ պատասխան պիտի մենք տանք սերունդներին»,-ասաց նա:
Արշակ Սադոյանը հիշեցրեց, որ նույն Անաստաս Միկոյանը թույլ չէր տալիս Հայոց ցեղասպանության մասին մի բան հիշել, խոսել:
Բայց Արշակ Սադոյանն էլ է կարծում, որ այս առաջարկը ժամանակավրեպ է, քանի որ այս պահին ՀՀ-ի առաջ ավելի կարևոր խնդիրներ են ծառացած, նույն քչաթիվ բնակչության խնդիրը: