«Ելք»-ն ուզում է դիվիդենտներ շահել, բայց /տեսանյութ/
Վերջին շրջանում մամուլում ակտիվորեն քննարկվեց Հայաստանի՝ ԵՏՄ կազմից դուրս գալու հարցը, մասնավորապես ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդդմոն Մարուքյանն իշխանություններին հորդորեց, որ հարկավոր է օր առաջ դուրս գալ ԵՏՄ կազմից։ Ի պատասխան այս և «Ելք»-ից հնչող նմանօրինակ այլ հայտարարությունների՝ իշխող կուսակցությունից հնչեցին կարծիքներ այն մասին, որ ԵՏՄ-ին միանալը ՀՀ-ի համար արդյունավետ է եղել, ավելին՝ ԵՏՄ-ից դուրս գալու դեպքում վնասները կարող են անհամեմատ մեծ լինել, և, ի վերջո, Հայաստանը ԵՏՄ մտնելով՝ որևէ պետության լավություն չի արել:
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ դա արհեստական հարցադրում է, քանի որ այդ հարցազրումները որևէ աղերս չունի տնտեսական հարցերի հետ․ Հայաստանը ԵՏՄ-ի անդամ է դարձել ոչ թե տնտեսական, այլ քաղաքական դրդապատճառներով։
Տնտեսագետը շեշտեց՝ թեև «Ելք»-ից կոչեր էին հնչում, թե պետք է դուրս գալ ԵՏՄ-ի կազմից, բայց այդպես էլ հիմնավորումներ չներկայացվեցին, չասացին՝ ինչու են նման բան պահանջում։
«Եթե որևէ հարց է բարձրացվում, ապա դրա տակ պետք է լինեն հիմնավորումներ։ Ես որևէ հիմնավորում չտեսա, բացի մերկապարանոց հայտարարություններից։ Ասում են՝ ԵՏՄ-ից դուրս գանք։ Ինչի՞ համար․ ես չգիտեմ․․․․ Այնպես որ, ինձ համար և, առհասարակ, Հայաստանի համար այդ հարցն օրակարգային չէ․ այդ հարցը բարձրացվել էր ինչ-ինչ քաղաքական դրդապատճառներով։ Այո՛, դա քաղաքական նպատակներ էր հետապնդում։ Ես դա պարզ ասում եմ», – նշեց տնտեսագետը։
Մեր հարցին՝ այսինքն՝ «Ելք»-ից այդ կոչերը հնչում էին դիվիդենտներ շահելու նպատակո՞վ, տնտեսագետը պատասխանեց․ «Այո՛, դիվիդենտներ շահելու համար, բայց դա թույլ էր։ Թող հիմնավորում ներկայացնեն»։
Տնտեսագետը շեշտեց՝ մեր երկրում, մեր ներքին կյանքում պետք է լինեն առողջ տնտեսական հարաբերություններ, և նոր միայն կարելի է մտածել մյուս գլոբալ հարցերի մասին, հասկանալ՝ պետք է գնալ դեպի Եվրամիությո՞ւն, թե՞ ԵՏՄ։
«Եկե՛ք նախ մեր ներքին կյանքում մեր խնդիրները հասկանանք, այդ չափորոշիչները որոշենք, դրանից հետո վ այդ հարցը կորոշենք», – նշեց տնտեսագետը։