23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Արմատապես փոխվել է զորակոչային գործընթացն ամբողջությամբ. փաստաբան

«Ինչպես գիտեք, ս.թ. օգոստոսի 30-ին Հանրապետության նախագահի կողմից հրավիրվել է անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում քննության են առնվել «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնց ընդունումը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով:Տառացիորեն հաջորդ օրը դրանք ներկայացվել են ՀՀ կառավարություն, որի հավանության պայմաններում այն պետք է ուղարկվի ՀՀ Ազգային Ժողով: Ցանկանում եմ ընդգծել, որ նշված օրենքների նախագծերը բավականին կարևոր են, շոշափում են ՀՀ յուրաքանչյուր ընտանիքի, ինչու չէ նաև յուրաքանչյուր անձի շահերը, կարևոր են նաև պետության անվտանգության և պաշտպանության ապահովման տեսանկյունից»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը:

 Փաստաբանի խոսքով՝ «Պաշտպանության մասին» օրենքով կարգավորվելու է ՀՀ պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի գործունեությունը, ՀՀ պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի անցկացման հետ կապված հարաբերությունները:

Նա ընդգծում է, որ  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով կարգավորվելու է ՀՀ քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները:

 

«Այս օրենքների ընդունմամբ ուժը կորցնելու են մի շարք օրենքներ, մասնավորապես՝ «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին», «Պաշտպանության մասին», «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին»,«Զինապարտության մասին»,«Զինվորական ծառայություն անցնելու մասին», և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին»  ՀՀ օրենքները:

Նկատի ունենալով, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծով կատարվել են բեկումնային փոփոխություններ զինված ուժերի համալրման և զինված ուժերից արձակման գործընթացում, այսօր առավել շատ Ձեր ուշադրությունն ենք հրավիրելու նշված օրենքի նախագծի վրա՝ ակնկալելով, որ Ձեր միջոցով նաև տեղ կհասնեն այն բոլոր մտահոգություններն ու դիտարկումները, որոնք, մեր կարծիքով, առկա են ներկայացված օրինագծում:

Ըստ էության, նոր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը դառնալու է այն հիմնական գործիքակազմը, որով սահմանվելու է զինվորական ծառայության տեսակները, ժամկետները, զինված ուժերի համալրումը, զինված ուժերից արձակումը, պահեստազորում գտնվող կոնտինգենտի կարգավիճակը, զինծառայողների սոցիալական ապահովման հարցերը և այլն»,-մանրամասնեց փաստաբանը:

 Փաստաբանի գնահատմամբ՝ նոր իրավակարգավորումներով արմատապես փոխվել է զորակոչային գործընթացն ամբողջությամբ, որը իր հերթին  իր մեջ պարունակում է որոշ ռիսկային գործոններ.

«Գործող կարգի համեմատ բավականին ծանրացվել  է սպայական կազմի զորացրման հնարավորությունը:

Ներդրվել են նորամուծություններ, մասնավորապես սպայական կազմի ատեստավորման ինստիտուտը և այլն..

Ինքս օրինագծից առանձնացրել եմ 14 հարց, որոնք, իմ կարծիքով, ուշագրավ են։ Այսպես.

1.Օրինագծով ամրագրվել է, որ  զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչև 35 տարին լրանալը:

Գործող կարգով մինչև 35 տարեկան զինապարտ հանդես են գալիս միայն ռազմաբժշկական ֆակուլտետն ավարտած քաղաքացիները: Առաջարկվող փոփոխությունները, ըստ էության, ՛՛Պատիվ ունեմ՛՛ ծրագրի օրենսդրական կարգովորման հետևանքն է, որի ռիսկային գործոնների մասին կխոսենք ստորև:

2.Օրինագծով ամրագրվել է բավականին ուշագրավ դրույթ, որը մինչ օրս գոյություն չի ունեցել: Սահմանվել է, որ Օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող ընդունվել հանրային ծառայության:

Սա նշանակում է, որ այն անձինք, ովքեր խուսափել են սահմանված կարգով զինվորական ծառայությունից, չեն կարող անցնել հանրային ծառայության:

Իմ կարծիքով, սա թեև ողջունելի, սակայն կիսաքայլ է, և կարելի էր ավելի համարձակ լուծում տալ հարցին՝ կոնկերտ սահմանելով, որ պատմական այս ժամանակահատվածում, նրանք, ովքեր այս կամ այն պատճառով չեն անցնի զինվորական ծառայություն, չեն կարող անցնել հանրային ծառայության:

Վստա՛հ եղեք, որ այսպիսի կարգավորմամբ գրեթե արմատապես լուծում կտրվեր բուհական կոռուպցիային, զինված ուժերում առկա կոռուպցիոն դրսևորումներին, բանակից ամեն գնով ազատելու բառակապակցությունը հնարավորինս դուրս կմղվեր մեր մտածողությունից:

3․ Էլ ավելի ուշագրավ փոփոխությոն է նախատեսվում ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպաների զինվորական ծառայութան ժամկետի առումով: Եթե գործող կարգով նշված կոնտինգենտի զինվորական ծառայության ժամկետը սահմանված է 20 տարի՝ ներառյալ ուսումնառության ժամկետը, ապա առաջարկվող օրինագծով հետուսումնական զինվորական ծառայությունը սահմանվում է 10 տարի, այսինքն 5 տարով կրճատվում է սպաների զինվորական ծառայության ժամկետը:

Թե ինչ արդյունավետություն կարող է սա գրացնել, ցույց կտա ժամանակը:

  1. Օրինագծով ամրագրվել է դրույթ, ըստ որի՝ Զինծառայողը զինվորական կոչումից կարող է զրկվել դատական կարգով, ինչպես նաև սույն օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված դեպքում՝ մինչև շարքային` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

            Նշեմ, որ գործող կարգով միայն դատարանի բացառիկ իրավասությունն է զինվորականին զրկել կոչումից:

            Իսկ ինչ է ասում օրինագծի 55-րդ հոդվածի 4-րդ կետը. Ասում է, որ այն սպաները, ովքեր հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման դեպքում, համաձայն չէն նշանակվելու այլ զինվորական պաշտոնի, եթե կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը լրանալուց հետո համաձայն չեն նշանակվելու այլ պաշտոնի, եթե մինչև պայմանագրի ժամկետը լրանալը ներկայացնում են զինվորական ծառայությունից արձակվելու զեկուցագիր կամ ռազմաուսումնական հաստատությունից կամ սպայական կամ սերժանտական դասընթացներից կամ ակադեմիական ուսումնառությունից կամ պետական լիազոր մարմնի պատվերով միջին մասնագիտական կամ բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատությունից իր դիմումի համաձայն ազատվելիս կամ անբավարար առաջադիմության կամ անկարգապահության հիմքով հեռացվելիս, եթե ունենան պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետ, ապա պաշտպանության նախարարի հրամանով կաստիճանազրկվեն և կուղարկվեն պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու:

Իմ կարծիքով, սա կարող է ռումբի էֆեկտ թողնել: Պատկերացնո՞ւմ եք, որ անձը, ենթադրենք ընտրել է 3 տարի սպա դառնալու եղանակով իր զինվորական ծառայությունը կատարելու ուղին, որոշակի ժամանակահատված հանդիսացել է սպա, լեյտենանտ կամ ավագ լեյտենանտ, որից հետո վերը նշված հանգամանքներով զրկվի կոչումից և գնա որևէ զորամաս՝ շարքայինների հետ պարտադիր ժամկետային չծառայած ժամկետը շարունակելու:

Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այդ սպան ինչպիսի հոգեվիճակում կհայտնվի, և ինչպիսի ճնշումների կենթարկվի՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ:

Ես պաշտպանության նախարարի ուշադրությունն եմ հրավիրում նշված հանգամանքի վրա, և հուսով եմ, որ նշված հանգամանքը մանրակրկիտ քննության կառնվի նաև օրենսդիր մարմնում և առավել լավ լուծում կգտնվի այս հարցին։

 

  1. Շատ կարևոր և դրական դրույթ է ներմուծվել, համաձայն որի՝ Զինապարտն իրավունք ունի ծանոթանալ իր առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության ընթացքին և ստանալ դրանց արդյունքներով տրված եզրակացություններն ու այլ փաստաթղթերը, ներկայացնել առաջարկություններ, բացատրություններ կամ առարկություններ, սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով բողոքարկել իր առողջական վիճակի վերաբերյալ տրված եզրակացությունը:
  1. Բավականին հետաքրքիր նորամուծություն կա պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումների տրամադրման գործընթացում. սահմանվում է, որ տարկետում տրվում է`

1) առողջական վիճակի պատճառով.

2) ընտանեկան պայմաններից ելնելով:

  1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել նաև նպատակային ուսումնառության համար, իսկ ավելի կոնկրետ․

1) ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով սովորող քաղաքացուն` եթե նա ՀՀ ՊՆ հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՀՀ ՊՆ կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին:

            Այլ կերպ ասած, ՀՀ–ում հավատարմագրված բոլոր բուհերի արական սեռի ուսանողները, անկախ նրանից, թե այդ բուհերը ոչ պետական են, թե պետական, կարող են ՊՆ-ի հետ կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր, ուսումնառության ընթացքում անցնել զինվորական պատրաստություն, իսկ ԲՈՒՀն ավարտելուց հետո ՀՀ ՊՆ կողմից նշված վայրում և պայմաններում անցնել զինվորական ծառայություն:

Այս պահին իսկապես դժվար է գնահատել այս գաղափարի կենսունակությունը: Այն լավ է, թե վատ, ցույց կտա ժամանակը:

7․ Բավականին ռիսկային ընթացակարգ է սահմանվել Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի պատճառով տարկետում տրամադրելու կարգում.

Սահմանվել է, որ այդ կազմին տարկետում տրվում է հինգ անգամ` 1 տարի ժամանակով: Հինգերորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո նա կամ ճանաչվում է պիտանի և զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից:

Սակայն սա էլ դեռևս ամբողջը չէ: Նշված կոնտինգենտը մինչև 35 տարին լրանալը, 5 տարին մեկ ենթակա է լինելու փորձաքննության, որի արդյունքներով էլ եթե ճանաչվի պիտանի, ապա անպայման զորակոչվելու է:

Ես ունեմ մտավախություն, որ այս կարգը կարող է կոռուպցիոն դրսևորումների տեղիք տալ: Պատկերացնո՞ւմ եք՝ պահեստազորում գտնվող սպային 5 տարի անընդմեջ կանչել փորձաքննության, և այդ սպան կարող է 5 տարի անընդմեջ որոշակի շահագռգռվածություն ցուցաբերել, և փաստորեն ազատվել բանակից:

Պաշտպանության նախարարի ուշադրությունն եմ հրավիրում հատկապես այս դրույթի վրա, և ակնկալում եմ, որ ավելի ռացիոնալ լուծում կգտնվի:

8․ Ընտանեկան դրության բերումով տարկետում տրամադրելու կարգում, ըստ էության, խստացում է արձանագրվել այն առումով, որ Շարքային կազմի համար ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրվում է այն քաղաքացուն, ով ունի.

1) 65 տարին լրացած կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված ծնողներ (միայնակ ծնող), եթե ծնողները (միայնակ ծնողը)`

ա. չունեն այլ զավակ, կամ

բ. ունեն այլ զավակ, ով անչափահաս է, կամ ունի հաշմանդամության խումբ կամ դատարանի վճռով ճանաչված է անգործունակ, կամ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ.

Ստացվում է, որ այս իրավունքից կարող է օգտվել 18 տարեկան այն զինապարտը, ում հայրը 65 տարեկան է, այսինքն իրենից 47 տարով մեծ:

Ակնհա՞յտ է, չէ, որ այս դրույթից կարող են օգտվել բացառիկ մարդիկ, և ըստ էության, այս դրույթը կիրառության մեջ չի էլ լինելու:

  1. Ողջունելի է, որ սահմանվել է, թե ով կարող է հանդիսանալ միայնակ ծնող ունեցող զինապարտ:
  1. Շատ կարևոր է, որ հստակ սահմանվել է, որ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի դրանց կայացման օրվանից եռօրյա ժամկետում տրվում են քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին, որոնք կարող են դրանց կայացման օրվանից երկամսյա ժամկետում բողոքարկվել դատարան`
  1. Առանձնահատուկ ուշադրության է արժանի շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին ծառայության վայրեր նշանակելու կարգը.

Այսպես. Հայտարարված զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինծառայողների ծառայության վայրերի նշանակումն իրականացվելու է կենտրոնացված  ձևով` պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով՝ հաշվի առնելով  ստացած կրթությունը, զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանը, սույն օրենքով սահմանված այլ պայմաններ:

Խնդրում եմ ուշադրություն դարձնեք հետևյալ նորամուծության վրա. Շարքային կազմի այն զինծառայողը, ում ծնողները 63 տարին լրացած են, կամ ունեն հաշմանդամության խումբ, և իրենք հանդիսանում են նրանց միակ զավակը, ում հայրը, մայրը, քույրը կամ եղբայրը մահացել են ՀՀ պաշտպանության ժամանակ, ով ամուսնացած է և ունի մեկ երեխա, ում ծնողները մահացած են, ում ծնողը մահացած է, և այդ զինծառայողն ընտանիքի միակ զավակն է, կամ ընտանիքի մյուս զավակներն անչափահաս են, չի կարող իրականացնել մարտական հերթապահություն, բացառությամբ , եթե նա կամավոր հիմունքներով է ցանկանում ընդգրկվել մարտական հերթապահության մեջ:

  1. Օրենքի նախագծով ներդրվում է զինծառայոնղերի ատեստավորման ինստիտուտը, ինչը ցանկալի է, և այդ գործիքակազմի ճիշտ օգտագործման դեպքում կարելի է ստանալ լավ արդյունք, մասնավորապես՝ հասնելու սպայական կազմի մասնագիտական կարողությունների կատարելագործմանը:

13․ Բավականին մտահոգիչ դրույթ է սահմանվել զինվորական ծառայությունից արձակվելու հետ կապված: Սահմանվում է, որ այն կազմը, ով պայմանագրային հիմունքներով է անցնում զինվորական ծառայության, պայմանագրի ժամկետից շուտ զորացրման ցանկության դեպքում յուրաքանչյուր լրիվ չծառայած տարվա դիմաց պարտավոր է լինելու վճարել 1 միլիոն ՀՀ դրամ տուժանք։

Նշեմ, որ մինչև 2017 սկիզբը գործել է այն կարգը, որ արձակման դեպքում սպան վճարում է ուսման հետ կապված ծախսերը, ինչը օրինաչափ է»,-եզրափակեց Նորայր Նորիկյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ