«Ոնց որ թե պիտի ամեն ինչ լավ լինի»
Պատմական գիտությունների թեկնածու, The National Interest, Forbes, The Hill և American Thinker պարբերականների մշտական հեղինակ ու փորձագետ Արեգ Գալստյանն ասում է, որ չնայած իշխանություններն ասում են և՛, և՛-ի քաղաքականությունը պետք է առաջ տանել, սակայն դրանք ընդամենը շատ գեղեցիկ խոսքեր են և վերջ: «Բայց Հայաստանը փոքրիկ երկիր է փոքրիկ հնարավորություններով, որը չի կարողանում իր ներքին խնդիրնեը լուծել, ինչ մնաց դիվանագիտական դեր ունենա գերտերությունների միջև»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Վերլուծաբան Թևան Պողոսյանն էլ կարծում է, որ նոյեմբերին Եվրամիության հետ ստորագրվող համաձայնագիրն արդեն մի քայլ առաջ է, որովհետև նախաստորագրված է: «Հույսով եմ, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից դասեր կքաղվեն, ոնց որ թե պիտի ամեն ինչ լավ լինի, սակայն հասարակությունը պիտի պահանջատեր լինի, հակառակ դեպքում քաղաքական կամքի ձևավորումը կմնա անհատների վրա, եթե ամբողջը թողնելու ենք որոշում կայացնող մարդկանց հույսին, իսկապես կարող ենք ունենալ անախորժ իրավիճակ»,-նկատեց նա:
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն էլ ավելացրեց, որ եթե այս անգամ էլ համաձայնագիրը չստորագրվի, ապա մեզ անլուրջ երկրի տեղ կդնեն, իսկ պետությունն իր լրջությունը չպիտի կորցնի:
Ինչ վերաբերում է նրան, որ անվտանգություն է ապահովվել ԵՏՄ մուտքով, ապա Արեգ Գալստյանը նշեց. «Եթե ցանկանում եք ձեր անվտանգությունն ապահովել, պետք է զարգացման մասին մտածել, անվտանգություն է նաև չփչացնել հարաբերությունները ԱՄՆ-ի, Եվրամիության հետ, պետք չէ միայն կենտրոնանալ ղարաբաղյան կոնֆլիկտի վրա, հասկանալի է, որ դա լուրջ ու կարևոր հարց է, բայց, օրինակ, այսօր Հայաստանում կրթության որակը բավական ցածր վիճակում է, գիտությանը հատկացվող գումարը նվազեցնում, նվազեցրեք, միայն ավտոմատ գնեք, տեսնենք՝ ինչ է լինելու»: