Անդրանի՛կն է այդ առաջնորդը
1897ի օգոստոսին Սերոբ Աղբյուրը 18 հայդուկների հետ գաղտնի գնաց Բիթլիս և Հայոց Առաջնորդարանի մառանը մտնելով, լուր ուղարկեց Եղիշե եպիսկոպոս Չիլինկիրյանին, թե՝ ուզում է Առաջնորդի աջն համբուրել և Սուրբ քաղաքի օրհնությունն ստանալ, քանի որ Սրբազան Հայրը Երուսաղեմից նոր էր վերադարձել: Եվ որպեսզի լրտեսների ու նրանցով կառավարության ուշադրությունը չհրավիրի իր և եկեղեցու վրա, Սրբազան Հայրը առավոտ վաղ, ժամը 3ին, հեռվից ողջունեց և օրհնեց Աղբյուր Սերոբին ու նրա հայդուկներին: Մայր Եկեղեցին ամեն կերպ, Վարդանանց դասն ունեցող, նվիրյալ քահանաների միջոցով աջակցում էր իր ֆիդայի զավակներին: Սուրբ Կարապետ վանքի հոգևորականներն, օրինակ, ձմռան փոթորկոտ օրերին, մոտ երկու ամիս թաքցնում և հյուրընկալում են Գևորգ Չաուշին ու Մախլուտոյին, և այն դեպքում, երբ վանքը թուրք ոստիկանների կողմից խիստ հսկողության տակ էր:
ԺԴ. «ՓԱ՛ՌՔ ՏՎԻՆՔ ԱՍՏԾՈՒՆ, ՈՐ ՄԵՐ ԳՈՐԾԸ
ՀԱՋՈՂՈՒԹՅԱ՛ՄԲ ՊՍԱԿԵՐ ԷՐ»
Այս խոսքերն ասում է Անդրանիկը, երբ պատմում է Սերոբ Աղբյուրին նախ նենգությամբ, դավաճանի միջոցով թունավորող, ապա արդեն թույնից մահամերձ հերոսին գլխատող, նաև Տեր Պետրոս քահանային և այլ երևելի հայերին սպանող, առհասարակ Աստվածատյաց ու ջարդարար Պշարե Խալիլին պատժելու մասին պատմելիս: Ջարդարար Ալի փաշայի զինակից այս հրեշից Անդրանիկն իր վրեժը լուծելուց առաջ նրան արդար դատ արեց. «Դո՞ւն էիր, որ Սերոբ փաշան սպանեցիր ու անոր գլուխը ձողի մը վրա անցուցիր և Մուշի ու Բիթլիսի հրապարակներուն վրա ցույց տվիր: Դո՞ւն էիր, որ Ալի փաշայի հետ Սպաղանք գյուղից քսանյոթը կին և երեխաներ Տեր Պետրոս քահանային սպանելե ետք, Ռէիս Մակարի տան մեջ լցնելով այրել տվիր: Դո՞ւն էիր, որ Հեթիկ գյուղի վրա հարձակեցար: Դուն Սերոբ Աղբյուրին գլուխը մեռա՛ծ ատեն կտրեցիր… »: Եվ երբ Անդրանիկն ու իր խումբը Խալիլի գլուխն առած հասնում են Կելիեկյուղյան գյուղը, ուր Սերոբ Աղբյուրն էր նահատակվել, այստեղ իջևանում են ծերունի Մակարի տանը: Մռայլ է Մակարը, չիբուխն է ծխում: Եվ ֆիդայիներից հաճախ լսած լինելով, որ Աստվա՛ծ կա, Արդարությո՛ւն կա, Երկի՛նք կա, Խալիլի վերաբերյալ հարցնում է.
Այդ անօրե՛ն, անաստվա՛ծ գազանին ընելիքը չմնաց: Կսեք թե Աստվա՛ծ կա, Արդարությո՛ւն կա, Երկի՛նք կա: Ո՞ւր է այդ Աստվածը, ինչո՞ւ չպատժեց այդ գազանը, երբ Տեր Պետրոսի վրա ձեռք վերցուցին:
Ափո՛, պատասխանում է Անդրանիկը, Աստված օր մը չարագործ գազանը կպատժե՛:
Ապա նրա նշանով Հարությունը պարկը շուռ է տալիս և հրեշի գլուխը գլորվում է ծերունու ոտքերի մոտ: Ափոն ճանաչելով հրեշի դեմքը, ուրախությամբ համբուրում է ֆիդայիներին, ապա հրամայում, որպես գոհությո՛ւն Աստծուն, ոչխար մորթեն: Իսկ հաջորդ օրը Ափո Մակարի թոռները մինչև իրիկուն Խալիլի գլխով գնդակ էին խաղում:
Հրեշին այն աշխարհն ուղարկելու պահից իսկ, Անդրանիկը, որ տարիներ ի վեր ծանրապես տառապում էր հոդացավերից և ընկերներին ու մահակին հենվելով էր պատժելու վայրն հասել, հանկարծ մահակը մի կողմ նետեց և վկայեց, որ ամբողջությա՛մբ բժշկվել է: Եվ արդարադա՛տ Աստված իր այս զավակին ակնթարթորե՛ն բժշկելով, այդպես արտահայտեց իր բարեհաճությունը Անդրանիկի ու նրա Աստվածաշնչյան ազգային ազատագրական ծրագրերի նկատմամբ:
ԺԵ. ԱՆԴՐԱՆԻԿԸ՝ ՀԱՅԴՈՒԿԱՊԵՏ
Ֆիդայիներից ոմանք Սերոբ Աղբյուրի փոխարեն ուզում են Սեբաստացի Մուրադին ընտրել հայդուկապետ: Մուրադը մերժում է՝ ասելով.
Անդրանի՛կն է այդ առաջնորդը. և եթե անգամ նա մեռած լինի, իր դիա՛կը մեր դրոշի հետ պետք է տարվի մեր առջևեն՝ դեպի կռի՛վ և ազատությո՛ւն:
Իսկ հետո, երբ Մուրադին հարցնում են, թե ինչո՞ւ էր հատկապես Անդրանիկին ընտրում, պատասխանում է.
Ճա՛նըմ, հա՛մ քաջ է, հա՛մ խելացի… Անդրանիկը սուր աչք ունի, մենք չունենք… սար ու ձորով կանցնինք խմբով, հրացաններն ուսերիս ու ամեն մեկս իր ճամփան կքալե, իսկ Անդրանիկը՝ ամենքի՛ս ճամփան, մենք անհոգ կերթանք, ան կտեսնի՛ ու կդիտի՛, կպրպտի՛ ամեն քար ու դար, ամե՛ն ժայռ ու բլրակ, մացա՛ռ ու պուրակ: Ոչի՛նչ չի վրիպի նրա տեսողությունից: Եվ ինչ որ մի անգամ տեսավ, էլ երբե՛ք չի մոռնա: Թե նույն ճամփով ետ գալու լինինք կռվով ու նահանջով, նա հրաշալի՛ գիտի, թե մինչև ուր պիտի քաշվինք՝ այսինչ բլրին, քարին, սարին, ժայռին, դարին հանդիպելու համար: Հետո նա գիտե աննմա՛ն դիրք բռնել թշնամու դեմ և մի անգամ, որ նա մեր տեղերը որոշեց կռվից առաջ, այն ժայռի տակ, այս բլրի ետև, այն պուրակի ծոցում, ապա մենք վստա՛հ ենք, որ դա լավագո՛ւյնն է: Արդարև, նա երբե՛ք չի սխալվում, ամբողջ օրը կռիվ կանենք և մեր դիրքերը միշտ լավագո՛ւյնը կմնան: Անդրանիկի հրամանի տակ կռվիլը խա՛ղ է ու պար»:
Այո՛, նման մեկը լինելու համար հարկ էր Սո՛ւրբ Հոգու շնորհներով զինված լինել, սո՛ւրբ սիրտ պիտի ունենալ, սո՛ւրբ Զորավար լինել, որ է՛ր՝ Անդրանի՛կ Զորավարը:
Մաքսիմ Ոսկանյան ՛՛Վարք զորավար Անդրանիկի՛՛ գրքույկից:
Աստծո կամոք՝ շարունակելի