Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը. Հայոց աշխարհ
Ըստ “Հայոց աշխարհի”, օրերս Պուսանում տեղի ունեցած Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովում միաձայն քվեարկությամբ նրա 8 նախագահներից մեկն է ընտրվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Քանի որ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը միջեկեղեցական ու էկումենիկ խնդիրներից զատ զբաղվում է նաեւ ողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության, արդարության ու խաղաղության հարցերով, ապա ակնհայտ է դառնում, որ 2015 թվականին լրացող Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի նախօրեին հայոց եկեղեցու հովվապետի ընտրությամբ իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին։
Դրա վառ վկայությունն է այն, որ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովը հատուկ հայտարարությամբ որոշել է նաեւ իր անմիջական մասնակցությունն ունենալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը։
Հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանության եւ նրա հետեւանքների հարցն արծարծվել է բազմաթիվ միջազգային ատյաններում, այդ թվում՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախորդ համաժողովներում, հայտարարությունը 3 կետից բաղկացած կոնկրետ հանձնարարական է տվել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարին։
Դրանցից առաջինով հանձնարարվում է 2015 թվականի ապրիլի 24-ի նախօրեին Ժնեւում կազմակերպել Հայոց ցեղասպանության ճանաչման ու նրա համար հատուցման հարցերին նվիրված միջազգային համագումար՝ միջազգային իրավունքի մասնագետների ու ցեղասպանագետների մասնակցությամբ։
Հանձնարարականի երկրորդ կետով նախատեսվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար Ժնեւի մայր տաճարում կազմակերպել հոգեւոր արարողություն։
Եվ վերջապես երրորդ կետով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Պուսանի համաժողովը կոչով դիմել է իր անդամ բոլոր եկեղեցիներին, որպեսզի նրանք եւս ոգեկոչեն 1915-ի հայ նահատակների հիշատակը եւ աշխատանքներ ծավալեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար։
Այսպիսով՝ աշխարհի 110 երկրներում գործող 349 եկեղեցիների շուրջ 560 միլիոն անդամ ունեցող այս ամենաազդեցիկ էկումենիկ կազմակերպությունը իր անվերապահ աջակցությունն է հայտնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն ու հայ ժողովրդին՝ 2015 թվականին նախատեսվող Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների պատշաճ կազմակերպման եւ միաժամանակ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու նրա համար արդարացի հատուցման հասնելու հարցերում։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: