29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արդյո՞ք հաճելի ես Աստծուն

ԱԲԲԱ ԴՈՐՈԹԵՈՍ

«ԵՍ ԿԱՏԱՐԵՑԻ (ԱՍՏԾՈ ԿԱՄՔԸ) ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆՍ ՉԱՓՈՎ, ՍԱԿԱՅՆ ՉԳԻՏԵՄ, ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՃԵԼԻ ԵՆ ԻՄ ԳՈՐԾԵՐԸ ԱՍՏԾՈՒՆ, ՔԱՆԶԻ ԱՅԼ Է ԱՍՏԾՈ ԴԱՏԱՍՏԱՆԸ, ԵՎ ԱՅԼ՝ ՄԱՐԴԿԱՅԻՆԸ»։

Սակայն մեկը կարող է մտածել. եթե մեկը չունի այն մարդը, որին կարող է հարցնել, ապա այդ դեպքում ի՞նչ պիտի անի նա: Ճշմարիտ է այն, որ եթե մեկը իրոք ամբողջ սրտով ուզում է կատարել Աստծո կամքը, ապա Աստված երբեք չի թողնի նրան, այլ ամեն կերպ կառաջնորդի նրան Իր կամքի համեմատ: Արդարև, եթե մեկը իր սիրտը ուղղի Աստծո կամքի համաձայն, ապա Աստված փոքրիկ մանկանն էլ կլուսավորի՝ հայտնելու նրան Իր կամքը:

Իսկ եթե մեկը անկեղծորեն չի ուզում կատարել Աստծո կամքը, ապա թեկուզ նա մարգարեի մոտ էլ գնա, Աստված մարգարեի սրտում կդնի ասելու նրան այն, ինչ համապատասխան է նրա եղծյալ սրտին, ինչպես Սուրբ Գիրքն է ասում. «Եթե մի մարգարե ձեզ խաբի և մի բան խոսի, Ես՝ Տե՛րս եմ, որ մոլորեցրի այդ մարգարեին» (Ելից 14; 9):

Ուստի մենք պետք է մեր ամբողջ զորությամբ մեզ ուղղենք դեպի Աստծո կամքը և չհավատանք մեր սրտին: Սակայն եթե բարի գործ էլ լինի, և սուրբ այրերից մեկը հավաստի, որ այն իրո՛ք բարի է, ապա մենք ևս պետք է այն համարենք բարի, սակայն չպետք է հավատանք ինքներս մեզ, թե լավ ենք կատարում այն, և թե այն (անպայման) պետք է որ լավ կատարվի: Այլ մենք պետք է կատարենք այն մեր ուժերի ներածին չափով և կրկին տեղեկացնենք նաև այն, թե ինչպես ենք մենք այն կատարում, և իմանանք, թե արդյոք լավ ենք կատարել այն:

Եվ սրանից հետո էլ մենք չպետք է անհոգ լինենք, այլ սպասենք Աստծո դատաստանին, ինչպես որ ասաց աբբա Աղաթոնը, երբ նրան հարցրին, թե՝ «Մի՞թե դու էլ ես վախենում, հայր», նա պատասխանեց. «Ես կատարեցի (Աստծո կամքը) կարողությանս չափով, սակայն չգիտեմ, արդյո՞ք հաճելի են իմ գործերը Աստծուն, քանզի այլ է Աստծո դատաստանը, և այլ՝ մարդկայինը»: Թող Տեր Աստված մեզ պահպանի այս պատուհասից, որ հասնում է նրանց վրա, ովքեր ապավինում են իրենք իրենց, և թող արժանացնի մեզ հաստատվելու մեր հայրերի ճանապարհին, որոնք հաճելի եղան Նրան: Ամեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ