Էրեբունիում հատուկ գործողության ժամանակ դիպուկահարի և նրա հետ գրեթե սելֆի անող մարդկանց լուսանկարները զվարճալի են. Հայկական ժամանակ
Նախօրեին Երևանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որն անկախ Հայաստանի պատմության ընթացքում իր տեսակի մեջ կարծես թե աննախադեպ է:
Երևանի Էրեբունի վարչական շրջանում հանցագործություն կատարելու պահին ոստիկանությունը հատուկ գործողության արդյունքում՝ դիպուկահարի մասնակցությամբ վնասազերծեց հանցագործին, որը արդյունքում մահացավ:
Հանցագործների նկատմամբ ոստիկանական ուժերը, որպես կանոն, ավելի հումանիստական մոտեցում էին ցուցաբերում: Համենայնդեպս, մինչև հիմա հայտնի չի եղել դեպք, երբ որևէ հանցագործի վնասազերծելու պահին սպանեն կամ ոստիկանների գործողությունների արդյունքում նա ավելի ուշ մահանար:
Համակարգի ներկայացուցիչները սիրում էին այս փաստը ժամանակ առ ժամանակ հիշեցնել հանրությանը: Մասնավորապես, երբ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ աղմուկ էր բարձրանում (անհամաչափ ուժի կիրառման դեպքերն էլ սովորաբար լինում են միայն քաղաքական կամ քաղաքացիական ակտիվիստների հետ կապված), նրանք օրինակ են բերում ԱՄՆ-ն, որտեղ շաբաթը մեկ, եթե ոչ ամեն օր ոստիկանները հանցագործին վնասազերծելու գործողության ժամանակ կամ պարզապես իրենց չենթարկվելու համար մարդ են սպանում:
Երեկ ՀՀ ոստիկանությունը, փաստորեն, ամերկյան ոստիկանության նման վարվեց: Տարօրինակ զուգադիպությամբ երիտասարդը, որը սպանվեց, երկար տարիներ ապրել էր ԱՄՆ-ում, նույնիսկ այնտեղ դատապարտվել և պատիժ էր կրել: Քանի որ տեղի ունեցածը արտասովոր էր հանրության համար, երեկվանից բուռն քննարկումներ են, թե արդյոք ճի՞շտ է վարվել ոստիկանությունը, արդյոք չէ՞ր կարելի այլ կերպ հանգուցալուծել իրավիճակը, արդյոք մամուլը ճի՞շտ է անում, որ լուսաբանում է նման դեպքերը:
Ամենաշատ քննարկվող թեման դիպուկահարի դիրքավորումն էր, երբ նա պառկել էր գետնին, իսկ նրա շուրջը մեծ թվով հանդիսատես էր հավաքված, ոմանք՝ պպզած, մյուսները՝ կանգնած ակնդետ հետևում էին, թե ինչ է լինելու: Նկար կա նաև, թե ինչպես է ինչ-որ մեկը լայն քայլով անցնում պառկած դիպուկահարի վրայով: Տեսանյութերում անգամ 8-10 տարեկան երեխա է երևում այդ տարածքում:
Ոստիկանական հատուկ գործողության ժամանակ այս տնավարի վիճակը իսկապես տարակուսելի է, որովհետև մենք լավ գիտենք, որ Հայաստանի ոստիկանությունը ցանկացած պահի կարող է պատ կազմել և «անթույլատրելի վայրում» կանգնած քաղաքացիների մեծ կամ փոքր խմբերին հաշված վայրկյանների ընթացքում հեռացնել:
Եթե նման բան չի արվել, նշանակում է՝ գործողությունը ղեկավարող անձինք դրա անհրաժեշտությունը չեն տեսել: Կամ նույնիսկ հակառակը՝ մտավախություն են ունեցել, որ պատանդառուից մի քանի մետր հեռավորության վրա ակնառու շարժ առաջացնելով՝ կգրավեն նրա ուշադրությունը, կխրտնեցնեն, ինչի դեպքում մեծ կլիներ վտանգը, որ նա կյանքի հետ անհամատեղելի վնասվածք կհասցնի իր պատանդին՝ երիտասարդ աղջկան:
Եվ չնայած այս վարկածին, դիպուկահարի և նրա հետ գրեթե սելֆի անող մարդկանց լուսանկարներն, իսկապես, զվարճալի են:
Արդյոք չէ՞ր կարող այլ հանգուցալուծում լինել: Չի բացառվում, որ այս հարցում որոշիչ է եղել այն հանգամանքը, որ պատանդառուն երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում և մոտիկից ծանոթ է եղել ամերիկյան ոստիկանության մեթոդներին: Փոխարենը չի տիրապետել հայկական ոստիկանության մարդասիրական բնույթին:
Ասվում է, որ կրակ բացելու որոշում կայացվել է մեկ ժամ տևած բանակցություններից հետո: Հայտնի չէ, թե ինչ են խոսել աղջկա պարանոցին դանակ բռնած երիտասարդի հետ, բայց կարելի է ենթադրել, որ նրան առաջարկվել է բաց թողնել աղջկան և ինքնակամ հանձնվել: Չի բացառվում, որ տեղացի որևէ մեկը հենց այդպես էլ կվարվեր: Բայց ԱՄՆ-ում վերջին տարիներին նման իրավիճակները շատ հաճախ ավարտվում են հանձնվողի սպանությամբ, ուստի այնտեղից ընդամենը 4 ամիս առաջ արտաքսված երիտասարդը չէր կարող վստահ լինել, որ իր հետ նույնը չի պատահի: