Ավելի քան 180 միլիոն մարդ զրկված է տարրական խմելու ջրից hակամարտության կամ ճգնաժամի մեջ գտնվող երկրներում
Ջրի համաշխարհային շաբաթվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր հայտարարել է, որ հակամարտության, բռնության և անկայունության հետևանքով տուժած երկրներում առավել քան 180 միլիոն մարդ հնարավորություն չունի օգտվելու տարրական խմելու ջրից:
«Անվտանգ ջրի և սանիտարական պայմանների հասանելիությունը հակամարտությունների և արտակարգ իրավիճակների զոհ դարձած երեխաների համար իրավունք է, ոչ թե արտոնություն», -նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների բաժնի տնօրեն Սանջայ Վիջեսեկերան (Sanjay Wijesekera): «Բռնության, տեղահանության, հակամարտության և անկայունության հետևանքով տուժած երկրներում երեխաների կյանքի ապահովման ամենատարրական միջոցը՝ ջուրը, պետք է առաջնահերթություն լինի»:
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին հետազոտության, խոցելի պայմաններում ապրող մարդիկ 4 անգամ ավելի քիչ հնարավորություն ունեն օգտվելու տարրական խմելու ջրից քան ոչ խոցելի պայմաններում ապրողները: Ըստ 2015թ.-ի ցուցանիշների, խոցելի իրավիճակներում ապրող 484 միլիոն մարդուց 183 միլիոնը դեռևս զրկված է տարրական խմելու ջրի ծառայություններից:
Եմենը, որն իր վրա կրում է առավել քան երկու տարվա հակամարտությունների ազդեցությունը, վնասների և աղետների հետևանքով գտնվում է երկրի խոշոր քաղաքներին ջուր մատակարարող աղբյուրների մոտալուտ փլուզման վտանգի տակ: Երկրում գրեթե 15 միլիոն մարդ զրկված է ջրից և տարրական սանիտարական պայմաններից:
Սիրիայում, որտեղ հակամարտություններն արդեն գրեթե 7 տարի է շարունակվում են, գրեթե 15 միլիոն մարդ, այդ թվում՝ գրեթե 6.4 միլիոն երեխա, անվտանգ ջրի կարիք ունի: Ջուրը դարձել է հակամարտության զենք: Միայն 2016 թ. -ին ջրային պոմպերի և աղբյուրների աղտոտման միջոցով ջրի մատակարարման առնվազն 30 կանխամտածված կրճատումներ են եղել, այդ թվում՝ Հալեպում, Դամասկոսում, Համայում, Ռագայում և Դարայում:
Նիգերիայի՝ հակամարտության հետևանքով տուժած հյուսիսարևելյան շրջանում, ջրային և սանիտարական ենթակառուցվածքների 75%-ը վնասվել կամ ոչնչացվել է՝ 3.6 միլիոն մարդու զրկելով նույնիսկ տարրական ջրի մատակարարման ծառայություններից:
Հարավային Սուդանում, որտեղ հակամարտություններն արդեն 3 տարի է շարունակվում են, երկրի ջրային աղբյուրների գրեթե կեսը վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել է:
«Շատ դեպքերում ջրային և սանիտարական ենթակառուցվածքները հարձակման են ենթարկվել, վնասվել և անուշադրության հետևանքով փլուզվել: Երբ երեխաները հնարավորություն չունեն օգտվելու անվտանգ խմելու ջրից և երբ առողջապահական համակարգերը գտնվում են փլուզման եզրին, թերսնուցումը և մահացու հիվանդությունները, ինչպես օրինակ խոլերան, դառնում են անխուսափելի», – նշեց Վիջեսեկերան:
Եմենում երեխաները կազմում են խոլերայի և սուր փորլուծության առավել քան կես միլիոն դեպքերի առավել քան 53 տոկոսը: Սոմալիում վերջին հինգ տարիների խոլերայի խոշորագույն բռնկում է՝ գրանցելով առավել քան 77,000 խոլերայի և փորլուծության դեպքեր: Ավելին, Հարավային Սուդանում խոլերայի բռնկումը խոշորագույնն է երկրի պատմության մեջ՝ 2016թ.-ի հունիսից գրանցելով առավել քան 19,000 դեպքեր:
Սովի վտանգի տակ հայտնված հյուսիսարևելյան Նիգերիայում, Սոմալիում, Հարավային Սուդանում և Եմենում, գրեթե 30 միլիոն մարդ, այդ թվում՝ 14.6 միլիոն երեխա անհապաղ անվտանգ ջրի կարիք ունի: Առավել քան 5 միլիոն երեխա թերսնուցված է, որոնցից 1.4 միլիոնը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: