«Մաքուր համայնք». թափոն հանդիսացող պլաստմասսե տարաներից պատրաստվել են աղբամաններ
Դիլիջան խոշորացված համայնքում հուլիսի սկզբից մեկնարկեց «Մաքուր համայնք» ծրագիրը: Այն իրականացնում է «Էկոպոլիսի» հասարակական կազմակերպությունը` ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Ծրագրի նպատակն է Դիլիջան խոշորացված համայնքի` Դիլիջան քաղաքում, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Հովք, Խաչարձան գյուղերում ակտիվացնել տեղի երիտասարդներին և պատանիներին իրենց բնակավայրերում շրջակա միջավայրի մաքրման և պահպանման խնդիրների լուծման գործում` բարձրացնելով սրտացավությունը և պատասխանատվությունն իրենց բնակավայրերի, համայնքի և երկրի նկատմամբ:
«Մաքուր համայնք» ծրագրի ղեկավար Ալբերտ Հարոյանը տեղեկացրեց, որ
ծրագրի առաջին փուլում յոթ բնակավայրերում իրականացվեցին տեղեկատվական քարոզարշավներ, որոնց նպատակն էր ի հայտ բերել այն անձանց, որոնք ցանկություն ունեն և ունակ են փոխելու իրենց բնակավայրերը` ավելի մաքուր և բարեկարգ դարձնելով: Արդյունքում ձևավորվեցին համայնքային ակտիվ յոթ խմբեր:
Երկրորդ և երրորդ փուլերով իրականացվեցին իրազեկման, ինչպես նաև նկարազարդման վարպետության դասընթացներ: Փորձագետների աջակցությամբ և խմբերի անդամների մասնակցությամբ նկարազարդվեցին 21 աղբամաններ, որոնք պարունակում են տարածքները մաքուր պահելու թեմատիկ ուղերձներ և ավելի գեղեցիկ տեսք են տալիս բնակավայրերին: Այս փուլերում «Մաքուր համայնք» ծրագրին մասնակցել էին 83 երիտասարդներ և պատանիներ:
Օգոստոսի 14-ին մեկնարկած չորրորդ փուլում Հաղարծին, Խաչարձան, Դիլիջան, Հովք, Գոշ, Աղավնավանք և Թեղուտ բնակավայրերում ձևավորված խմբերի մասնակցությամբ, փորձագետների և ծրագրի ղեկավարի աջակցությամբ թափոն հանդիսացող պլաստմասսե տարաներից պատրաստվել և տեղադրվել են 7 աղբամաններ, մաքրվել են 7 տարածքներ, որոնք նախօրոք ընտրվել էին երիտասարդական խմբերի կողմից: Օգտագործվել են 745 պլաստմասսե տարաներ` հավաքված ծրագրի մասնակիցների կողմից, որոնք այս ծրագրում չօգտագործելու պարագայում թափվելու էին շրջակա միջավայրում: Այս փուլում մասնակցություն են ունեցել 115 երիտասարդներ և ծրագրով հետաքրքրված քաղաքացիներ. վերջիններս հիմնականում եղել են համայնքի բնակիչներ, պատահական անցորդներ: