Նախարարն՝ ”ատկատներից”
Henaran.am-ի և մի քանի այլ լրատվամիջոցների հարցերին է պատասխանում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
-Պարոն Ասատրյան, կցանկանայի նշեք՝ սոցոլորտում բյուջետային հատկացումների համար ընտրված առաջնահերթությունները որքանով էին թիրախային:
-Առաջնահերթությունները, ինչպես գիտեք, վերաբերել են աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացմանը, և առաջին հերթին՝ սոցիալապես խոցելի խմբերին տրամադրվող սոցիալական տարբեր աջակցության ծրագրերի ֆինանսավորման ավելացմանը և այդ առումով 34 մլրդ դրամ նախատեսված է կենսաթոշակների ավելացման համար, աշխատավարձերի ավելացումների մասով նշվել է արդեն, այսինքն՝ հիմնականում հենց սոցիալական ծրագրերի, սոցիալական խնդիրների լուծմանը ուղղված միջոցներն են ավելացել 2014 թվականի պետբյուջեի նախագծով:
-Կային ուղղություններ, որոնք բաց մնացին:
-Իմ նշած ուղղությունները և կատեգորիաները հենց հիմնական բաժինն են, այսինքն` շահառուների կամ սոցիալապես խոցելի խմբերի հիմնական ընդգրկվածությունը հենց նշված ծրագրերում են և դրանք այն ծրագրերն են, որոնք առաջին հերթին ազդեցություն են ունենալու աղքատության մակարդակի վրա: Մի դեպքում մենք խոսում ենք աշխատող աղքատների հնարավորինս բացառման մասին, մյուս դեպքում կենսաթոշակառուների, որոնք առաջին հերթին ենթակա են աղքատության ռիսկի, հատկապես ցածր կենսաթոշակ ստացողները, այդ պատճառով նախատեսեցինք նաև փոխել կենսաթոշակների հաշվարկման կարգը, որ ամրագրված է օրենքով, որպեսզի այդ հատկացված միջոցներն ավելի շատ ուղղվեն ավելի ցածր կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների թոշակների բարձրացմանը, այսինքն` հենց հիմնական թիրախն ու ուղղությունը եղել է միջոցներ ուղղել հնարավորինս աղքատ խավերին:
-Տեղյակ ենք, որ նախատեսվում է նաև սոցփաթեթի տրամադրում պետական պաշտոններ զբաղեցնող բոլոր անձանց, սա ինչ նպատակ ունի:
-Խոսքը պետական պաշտոնատար անձանց աշխատանքի վարձատրության մասին օրենքի նախագծի մասին է, որով սահմանվում է միասնական աշխատանքի վարձատրության համակարգ, իսկ դա որպես կանոն իր մեջ ներառում է երեք կոմպոնենտ. առաջինը հիմնական աշխատավարձն է, բազային մասը, երկրորդը՝ հավելումներ, հավելավճարներ, պարգևատրումներ և այլն, երրորդը՝ սոցիալական երաշխիքներն են: Ամբողջ աշխարհում ընդունված համակարգ է աշխատանքի վարձատրության համակարգ է: Այդ երեք կոմպոնենտները հիմա նախատեսված են օրենքի նախագծով, որը վերաբերում է ամբողջ հանրային ծառայության համակարգին, այստեղ պետք չի տարբերակում դնել հանրային ծառայողների մեջ: Սակայն մինչ այս դրվում էր: Որովհետև համակարգ գոյություն չուներ մինչ այս, մենք խոսում ենք համակարգ ներդնելու մասին, իսկ համակարգը վերաբերում է աշխատանքի վարձատրության համակարգին:
-Ձեր գործընկերը` պարոն Դումանյանը, նշեց, որ իրենք վերահսկում են ոլորտում առկա փոշիացումները, ստվերը: Ինչպիսին է վիճակը Ձեր ոլորտում:
-Նույնն էլ սոցիալական պաշտպանության ոլորտում է:
-Չկա՞, թե՞ վերահսկելի է:
Չկա:
-Բացառում եք:
-Գիտեք, ընդհանրապես կոռուպցիոն ռիսկերը` որպես ռիսկեր չեն կարող երբևէ գոյություն չունենալ, իհարկե, կան այդ ռիսկերը: Խնդիրն այն է, թե մեր յուրաքանչյուր քայլով, միջոցառումներով, այս համակարգաստեղծ գործունեությամբ որքանով ենք մենք մոտենում հնարավորինս առավելագույն, լավագույն վիճակին, որ այդ ռիսկերը կմոտենան զրոյի. հարյուր տոկոսանոց համակարգեր բնական է գոյություն չունեն աշխարհի որևէ երկրում կամ հարյուր տոկոսանոց իրավիճակներ, բայց որ մեր ամբողջ աշխատանքն ու գործունեությունն ուղղված է, որ այդ ձեր նշած դրսևորումները մոտենան նվազագույնին և հնարավորինս բացառվեն, դա միանշանակ այդպես է:
-Որքանով է հաջողվում:
-Նաև դուք եք երևի այդ գործընթացները հսկում, վերահսկում` որպես հասարակական վերահսկողություն:
-Վարչապետը նշում էր Մաքսային միության և մեր օրենսդրության համապատասխանեցման մասին, Ձեր ոլորտում ինչ փոփոխություններ են նախատեսվում այս առումով:
-Սոցիալական պաշտպանության ոլորտում դեռևս 92 թվականից գործում են ԱՊՀ երկրների միջև կնքված միջպետական համաձայնագրեր՝ սոցիալական ապահովության վերաբերյալ, կենսաթոշակային ապահովության, և դրանք մինչ այսօր գործում են: Այդ համաձայնագրերն ունեն մի տրամաբանություն, որ նշանակություն չունի՝ որ երկրի քաղաքացին է, նշանակություն ունի նրա բնակության վայրը, և սոցիալական ապահովության, կամ մասնավորապես՝ կենսաթոշակային ապահովության իրավունքը իրացվում է այն երկրում, որտեղ քաղաքացին բնակվում է՝ անկախ քաղաքացիությունից. դա կոչվում է տարածքային սկզբունք համաձայնագրերի, այսինքն՝ որտեղ է բնակվում այդ քաղաքացին՝ անկախ քաղաքացիությունից և առանց որևէ փոխադարձ հաշվարկների այդ երկրների միջև: Վերջին տարիներին երևի շուրջ հինգ տարի կամ ավել, նույնիսկ յոթ, եթե չեմ սխալվում, քննարկվում է այդ համաձայնագրում փոփոխություններ կատարելու հարցը, որ առաջարկվում է ներմուծել համամասնականության սկզբունքը: Ինչ է դա նշանակում, որ ենթադրենք կենսաթոշակային իրավունքը նորից անկախ քաղաքացիները իրացնեն, անկախ նրանից որտեղ են բնակվում, բայց որտեղ են ձեռք բերել իրավունքը տվյալ երկիրը իրավունքի այդ մասն իրացնի: Այս խնդիրը, փոփոխությունների հարցը քննարկվում է, ինչպիսի նոր լուծումներ կլինեն, կլինեն, թե ոչ, աշխատանքի ընթացքում կերևա, ամեն դեպքում՝ որևէ մեծ, գլոբալ փոփոխություն սոցիալական պաշտպանության ոլորտում որպես այդպիսին Մաքսային միությանը միանալը չի ենթադրում: