«Գյումրին մեր տունն է, օր էդպես վերաբերվինք վարչապետի ծրագիրն էլ հաջող ընթացքով կերթա» /տեսանյութ/
Մի քանի ամիս է Գյումրիում սկսվել են Կումայրի արգելոց թանգարանի տարածքում Ռուսթավելի փողոցի շինարարական աշխատանքները: Վարչապետի որոշմամբ Գյումրիում զբոսաշրջության զարգացման համար, սկսվեց պատմական միջուկի վերականգնման աշխատանքները: Հենց այս փողոցում կարելի գտնել պատմական տարբեր շինություններ, բայց պատմական տեսքը ճիշտ ներկայացնելու համար, փոխվեց ու բարելավվեց ողջ կոմունիկացիոն ցանցը:
Շիրակացի փողոցից մինչև Սայաթ-Նովա փողոցն ընկած հատվածում ամբողջովին ավարտված են կոմունիկացիոն համակարգի նորացման աշխատանքները, կատարվել է հետլիցք, որոշ հատվածներում փողոցը բետոնապատվել է ու ընթանում են խճապատման աշխատանքները:
Աշխատանքների ընթացքին հետևում են նաև գյումրեցիները: Տիկին Մարիամը գոհ է աշխատանքների ընթացքից ու հույս ունի որ աստիճանաբար քաղաքի տեսքի փոփոխությունը զբոսաշրջիկների կբերի քաղաք:
«Որպես տուրիստական միջավայր շատ լավ կլինի, փողոցի քարերը նորը լավ է, չնայած հներն էլ վատ տեսք չունեին: Ստեղ շատ աշխատանքներ կան անելու, մայթերը վերանորոգեն, կանաչ տարածքներ լինեն, մաքրություն պետք է լինի, որ հնությունը գեղեցիկ երևա մաքրության կողքին», ասաց Նելլին:
Իսկ այն հարցին, թե հին խճաքարերը պահպանելն էր ճի՞շտ, թե՞ նորով փոխարինումը, անցորդներից մեկը պատասխանեց.
«Քարը քար է, էականը քարի պատմական եղնելը չէ, պատմությունը հաշվի առնելով մեկտեղ հանդերձ, պետք է , որ մարդիկ իրանց մեջ ինչ որ քարեր հեռացնեն, փոխեն իրանց, որ հնից եկել, հնացած մնացել է: Հնից բաներ կան, որ պետք է պահել, բայց բաներ կան, որ խանգարենգը, հակառակը»,-ասաց Կարինեն ու հավելեց, որ Գյումրին բոլորի տունն է, եթե հոգացավ վերաբերմունք լինի, ամեն լավ ծրագի իրականություն կդառնա:
Նախորդ շաբաթ Կարեն Կարապետյանը այցելել է Գյումրի ու լրագրողների հետ ճեպազրույցում, ամփոփելով այցի արդյունքները, վարչապետը դրական է գնահատել Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում կատարվող շինարարական աշխատանքները՝ նշելով. «Սեպտեմբերին ավարտում ենք այս փողոցի շինարարությունը: Կարծում եմ՝ օրինակելի, նոր ենթակառուցվածքներով՝ ջուր, գազ, էլեկտրաէներգիա, կապ, փողոց ենք կառուցում և փողոցային շինարարության նոր մշակույթ ենք ներդնում»: