Ուժեղ կին, ով սարսափում է շներից․ Անգելա Մերկելը 63 տարեկան է
Նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տոնում էր ծննդյան 63-ամյակը։ Մերկելը ծնվել է 1954 թվականին՝ Համբուրգում։
Ծննդյան տոնի առթիվ ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր աշխարհի ամենաազդեցիկ կին քաղաքական գործիչներից մեկի մասին։
Մերկելը մասնագիտությամբ ֆիզիկոս է, կրում է առաջին ամուսնու ազգանունը։ Մերկելն ապրում է Բեռլինի կենտրոնում՝ վարձով բնակարանում, եւ հրաժարվում է տեղափոխվել իրեն տրամադրված առանձնատուն։
Մերկելը հրաշալի խոսում է ռուսերեն լեզվով, նախընտրում է աշխատել երիտասարդ ու հաճելի կադրերի հետ։ Մերկելը անընդհատ հեռախոսը ձեռքին է պահում, քանի որ աշխատանքային հաղորդագրություններ է ուղարկում։
Մերկելը երբեք վառ գույնի հագուստ չի կրում, նախընտրում է հանգիստ, աշխատանքային ոճը։ Հազվադեպ է շրջազգեստ կամ կիսաշրջազգեստ կրում։
Մերկելը 7 տարի անընդմեջ Forbes հանդեսի կողմից աշխարհի ամենաազդեցիկ կին է ճանաչվել։
Նախաճաշին կանցլերը նախընտրում է անանուխով թեյ խմել։
Մշտապես սառնասիրտ Մերկելը կորցնում է ողջ արիությունը շուն տեսնելիս։ Երիտասարդ տարիքում նրան շունը կծել է, ինչից էլ ամեն ինչ սկսվել է։ Մերկելը սարսափում է շներից, նրա պաշտոնական հանդիպումների ժամանակ միշտ նշվում է, որ հանդիպմանը շներ չպետք է լինեն։ Այս կանոնը մեկ անգամ խախտել է ՌԴ նախագահ Վլադիմիր ՊՈւտինը։ Ղրիմում 2007 թվականին կայացած հանդիպման ժամանակ սենյակ է մտել Պուտինի՝ հսկայական չափերի լաբրադոր ցեղատեսակի շունը։ Մերկելի դեմքն անմիջապես փոխվել է՝ տեսնելով շանը։
Անձնականի մասին։ Անգելա Կասները /նրա օրիորդական ազգանունն է/, առաջին անգամ ամուսնացել է ֆիզիկոս Ուլրիխ Մերկելի հետ՝ 1977 թվականին։ Հարսանիքին Մերկելը երկնագույն զգեստ է կրել։ Ամուսնությունը տեւել է 5 տարի, ավարտվել ամուսնալուծությամբ։
«Մենք ամուսնացանք, քանի որ բոլորն ամուսնանում էին։ Ես այդ ամուսնությանը անլուրջ մոտեցա եւ սխալվեցի»,- մի անգամ ասել է Մերկելը։ Նա ասել է, որ առաջին ամուսնուց իրեն է մնացել միայն ազգանունը։
Երկրորդ անգամ Մերկելն ամուսնացել է 44 տարեկանում՝ գիտնական Իոահիմ Զաուերի հետ։ Նախքան դա նրանք ընկերներ են եղել ու սկսել են հանդիպել, երբ Զաուերն ամուսնացած էր։
Մերկելը երեխաներ ունի։ Մի անգամ նա հայտարարել է, որ ցանկացել է երեխաներ ունենալ, սակայն չի ստացվել։ Իսկ երբ 35 տարեկանում քաղաքականություն է մտել, դադարել է մտածել այդ ուղղությամբ։