Պատգամավորներն են մեղավոր. Դավիթ Հարությունյանը սրտնեղում է
՛՛Այս նախագծի քննարկումները հաճախ անձնավորված են դիտում: Եթե մեր հիմնական քննարկման թեման լինի նախարարի ու պատգամավորի աշխատավարձն, ապա այդպես էլ պետք է լինի:
Ես համարում եմ, որ մենք պետք է վերանանք այդ ամենից, սակայն մի ճշմարտություն կա՝ ինչպիսի օրենք էլ չբերվեր, այն միևնույնն է՝ քննադատվելու էր: Բայց սա ամենևին չի նշանակում, որ օրենքը վատն է՛՛,-այսօր Ազգային ժողովում, խոսելով “Պետական պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման” օրենքի նախագծից, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը:
Պատգամավորի կարծիքով՝ սա ոչ միայն աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ, այլև զուտ քաղաքական փաստաթուղթ է, որն իր էությամբ արտացոլում է, թե ով ինչպիսի դերակատարություն պետք է ունենա երկրում, առաջին հերթին որոշումներ կայացնի՝ պատասխանատվության տեսանկյունից:
Նա հիշեցրեց, որ յուրաքանչյուր երկիր, որ նման համակարգ է ներդրել, առաջին հերթին քաղաքական մոտեցումներն է հաշվի առել: Դավիթ Հարությունյանը որպես օրինակ բերեց Սինգապուրի վարչապետին, ով տարիներ առաջ հայտարարել էր, որ ինքն իրենց երկրում ամենաբարձր վարձատրվող անձն է, տարածաշրջանում ամենաբարձր վարձատրվող վարչապետը, սակայն իր ֆինանսական կարողություններով զիջում է բոլորին:
՛՛Նա ակնարկում էր, որ ուրիշ երկրներում ցածր է աշխատավարձը, բայց կոռուպցիայի մակարդակն էլ է ուրիշ՛՛,-բացատրեց Հարությունյանը:
Ըստ Հարությունյանիա՝ դատավորներին պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել, սակայն միայն բարձր աշխատավրձով չի կարելի արդար դատական համակարգ կառուցել: ՛՛Միայն աշխատավարձով չէ, որ սահմանվում է դերակատարությունը, պետք է նաև բովանդակային փոփոխություն լինի: Եթե եղավ միայն աշխատավարձի փոփոխություն, բայց չեղավ բովանդակային փոփոխություն, մենք որևէ արդյունքի չենք հասնի՛՛:
Դավիթ Հարությունյանն անդրադարձավ նաև ԱԺ պատգամավորների դերակատարմանը: ՛՛Այս փաստաթուղթն արտացոլում է իշխանության յուրաքանչյուր մարմնի դերակատարումը, այն ինչ փաստացի կա:
Մենք ենք մեղավոր, որ մեր դերակատարումն այդքան նվազ է, ու այդքան բարձր արժևորված չէ այս երկրում, մենք պետք է մտածենք քայլեր, թե ինչպես մեր դերակատարությունը բարձրացնենք՝ ու ոչ թե արհեստական, այլ բնական՛՛,-շեշտեց Հարությունյանը:
Հիշեցնենք, կառավարության առաջարկով պատգամավորների աշխատավարձը 132 հազար դրամով զիջում է նախարարների աշխատավարձին: