Վերջին հրաժեշտը
Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասան Երվանդ Ենգիբարյանի անժամանակ մահը ցավ է պատճառել բոլորին: Նրա մասին հիշողություններով սոցցանցում կիսվել է նաև թատերագետ Լևոն Մութաֆյանը.
“Երեկ այնքան մեծ էր հուզմունքս, որ մոռացա մի շատ սովորական ու մարդկային քայլի մասին՝ ցավակցելու իմ բարեկամներին ու մտերիմներին՝ ինձ համար անչափ սիրելի ու թանկ Վանդիկի՝ Երվանդ Ենգիբարյանի ողբերգական ու անժամանակ մահվան առթիվ… Մահ բառը գրում եմ չուզենալով, չհամակերպվելով…
Մինչ Երվանդին ճանաչելը, դեռևս 1973-ին ծանոթացել եմ նրա հոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ժակ-Բորիս Ենգիբարյանի հետ ու ձևավորել մտերմություն… Ժակը Երևանի ամենագեղեցիկ տղամարդկանցից էր՝ էլեգանտ, հմայիչ, արտիստիկ… Հիմա էլ պահպանել է այդ հատկանիշները… Երվանդն ինչ-որ տեղ հորը նմանվեց…
Հետո ծանոթացել եմ Երվանդի քրոջ՝ Նանայի հետ, Նանայի առաջին ամուսինն իմ լավ ընկերն է՝ արձակագիր ու թատերագիր Ռուբեն Ավետիսյանը, որը հիմա ԱՄՆ-ում է ապրում… Հետո Նանայի առաջին որդուն՝ Լևոնին, եմ տեսել, մինչև հիմա, չնայած մեր տարիքների տարբերությանը, Լևոնի հետ բարեկամություն եմ անում:
Լևոնը հրաշալի երաժիշտ է, նաև զինվորական, գենետիկորեն՝ արտիստ… Հետո միայն հայտնվեց իմ տեսադաշտում Երվանդը … Համակրանքս երիտասարդ ու շնորհաշատ դերասանի հանդեպ առավել մեծացավ, երբ իմացա, որ Ժակի որդին է…
Երեկ Լևոնի ֆեյսբուքյան էջում գրառում կարդացի. “Ինքն իմ արյունակից հարազատն է…”: Հասկացա, որ չի կարողացել շարունակել, չի կարողացել արտահայտել իր մեծ ցավը սիրելի քեռու կորստի առթիվ…
Հիմա նորից արցունքները խեղդում են կոկորդս… Իսկապես, դժվար է համակերպվել, դժվար է հավատալ… Մոտ մեկ տարի առաջ Ստանիսլավսկու անվան թատրոնում ԹԱՏՐՈՆ X փառատոնի շրջանակներում ներկայացում էինք քննարկում: Երկու երիտասարդ դերասանի փոքր-ինչ դիտողություններ ունեի: Նայեցի բեմում նստած ու ինձ համար սիրելի ջահելներին՝ Երվանդին և Դավիթ Սեխպեյանին… Նեղվեցին խոսքիցս:
Ասացի. “Երեխեք, ախր երկուսդ էլ իմ ընկերների երեխաներն եք ու դեռ երեխա եք ինձ համար: Որպես թատերագետի խոսք մի ընդունեք ասածս, այլ՝ ձեր հայրերի ընկերոջ,,… Հիմա կուզենայի, որ նորից Երվանդը նոր դեր խաղար ու հենց այդպես դիմեի նրան…
Հոկտեմբերի 21-ին Երվանդը դարձավ 30 տարեկան… Չէի ուզում շնորհավորել: Հետո հիշեցի, որ ինքն ինձ մի քանի օր առաջ շնորհավորել էր ծննդյանս օրվա առթիվ: Զանգեցի, ստեղծագործական նոր հաջողություններ մաղթեցի և երջանիկ կյանք… Հիմա անհեթեթ է հնչում շնորհավորանքս…
Հիմա ուզում եմ, ինքս ինձ պարտադրելով, ցավակցություններս հղել Երվանդի հորն ու մորը, քրոջը, երկու զարմիկին, Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնին, Ալեքսանդր Գրիգորյանին… բոլորիս…”
Հ.Գ. Երվանդ Ենգիբարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 18-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 14-ին թատրոնում տեղի կունենա վերջին հրաժեշտի արարողությունը: