Ինչու է ձուն թանկանում
՛՛Ոչ մի արդարացում չի կարող լինել այն բանին, որ Հայաստանը ձու արտահանող երկրից դարձել է ներկրող երկիր: 75-100 դրամ է ձուն, ամեն տեսակի մեջ 5 դրամ բարձրացել է գինը: Հիմա էլ տարվա վերջում դեֆիցիտը լրացնելու համար պետք է ներկրվի, ինչն ուղղակի ամոթ է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սպառողների միության ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
Ըստ Պողոսյանի՝ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը շուկայի անհամաչափություն է. ՛՛Մեծերը ճնշում են թույլերին, ինչը տնտեսական անկազմակերպ վարվող քաղաքականության հետևանք է՛՛:
Վերջինս մատնանշեց Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովին և Սննդի պետական ծառայությանը, որոնք պատասխանատու են այդ հարցի համար, մինչդեռ դրանց կողմից օպերատիվ արձագանք չկա: ՛՛Հայաստանում 17 ձու արտադրող կա, որից 6-ն են եղանակ որոշում, դրանցից էլ 2-ն են հզորները: Իսկ փոքրերը զարգանալու հնարավորություն չունեն, նրանց պետք է որևէ կերպ օգնել, իսկ երբ ստուգում է լինում, փոքրերն են պատժվում՛՛,-նշեց նա: