Կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացումներին կհետևե՞ն թանկացումները
2014 թվականին նախատեսվում է կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացում: Henaran.am-ը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից հետաքրքրվեց, թե արդյոք այս դեպքում հնարավոր է սպառողական զամբյուղի նվազագույն միավորն էլ բարձրանա, այսինքն` ավելացումներին հետևեն թանկացումները:
Նախարարը նշեց, որ այդ հաշվարկները, վերլուծությունները, գնահատումները կատարված են: ”Կառավարության քաղաքականության ներքո հաշվի են առնվում նաև գնաճային ճնշումները` տարբեր կոմպոնենտներով պայմանավորված, դրա համար նաև այս բարձրացումների տրամաբանությունն է դա. որպես կանոն մենք հուլիս ամսին ունենում ենք զսպում, ռեֆլացիա է գնում և դրա համար հուլիս ամսին աշխատավարձերի, թոշակների բարձացում կատարելն ավելի նպատակահարմար է”,-բացատրեց նա:
Արտեմ Ասատրյանի հավաստմամբ` կառավարության ծրագրում թիրախային ցուցանիշները ամրագրված են, հստակ է, թե նվազագույն աշխատավարձը աղքատության գծի որքան տոկոսն է կազմում նաև այս տարի և հենց այս ցուցանիշների համաձայն են նախատեսված բարձրացումները:
”Որպես կանոն` երկարաժամկետ ծրագրերը կազմելիս տարեկան վերանայումներ են իրականացվում և այս ծրագրի շրջանակներում էլ յուրաքանչյուր տարի` նայելով զարգացումները, հնարավոր է` ցուցանիշների որոշակի շտկումներ լինեն”,-եզրափակեց նախարարը: