Ազնիվ չէ
”Չնայած վերջին շրջանում Ազգային ժողով հումոր է շրջում , թե ժամանակն է, որ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը վերանվանվի Եվրասիական հարցերի հանձնաժողով, հույս ունեմ, որ սա հումորի մեջ էլ կմնա՛՛,-այսօր ՛՛Արևելյան գործընկերության չորս տարիները՝ արդյունքներ և մարտահրավերներ՛՛ թեմայով քննարկմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտերգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը նշեց, որ Մաքսային միությանը միանալու մասին որոշումը լուրջ փոփոխություն է Հայաստանի արտաքին քաղաքական դաշտում և ՛՛ձև անել, թե ոչինչ տեղի չի ունեցել՛՛, ազնիվ չէ:
՛՛Մենք կարող ենք բազմաթիվ տարաձայնություններ ունենալ արտաքին քաղաքականության հարցում, բայց մեկ հարցում՝ եվրոպական վեկտորի ընտրության հարցում մենք տարաձայնություն չունեինք՛՛,-հայտարարեց Զոհրաբյանը՝ շեշտելով, որ հիմա և ԵՄ-ի, և ՀՀ-ի կողմից փորձ է արվում գտնել այն կարմիր գիծը, մինչև որտեղ կարելի է կառուցել միմյանց չհակասող հարաբերությունները:
՛՛Ինձ համար ևս որպես ՀՀ պատգամավոր դեռ պարզ չէ, թե որտեղ է այդ կարմիր գիծը՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ իհարկե, անվտանգության խնդիրը կարևորագույնն է, սակայն պակաս կարևոր չէ անվտանգության մյուս բլոկը:
՛՛Մենք անվտանգության նույնքան կարևոր բլոկ ունենք, որքան կոռուպցիան ու մարդու իրավունքներն են, որոնք դանդաղ հյուծում են երկիրը: Մենք հասկանում ենք, որ այս անվտանգության բլոկը նույնքան կենսական է Հայաստանի համար: Այստեղ է, որ մեզ համար շատ կարևոր է ԵՄ-ի հետ համագործակցությունը՛՛:
Զոհրաբյանը նկատեց, որ չկար հստակ տեղեկատվություն, թե ինչ է շահելու քաղաքացին Ասոցացման համաձայնագրից, և այդ պատճառով են տարբեր թեզեր շրջանառվում, որ մեր ապրանքները երկար տարիներ մրցունակ չէին լինելու եվրոպական շուկայում, իսկ ԼՂՀ-ի հարցի հետ կապված Ասոցացման համաձայնագրում վտանագավոր թեզեր կային: ՛՛Այդ դեպքում ինչու էինք տարիներ շարունակ հարաբերությունները ընդլայնում ԵՄ-ի հետ՛՛,-հարցնում է Եվրոպական ինտերգրման մշտական հանձնաժողովի նախագահը:
: