Իսրայելն աշխարհում ռազմական սպառազինություն մատակարարող երկրների հնգյակում է
Իսրայելի Քնեսեթն ու Հայաստանի Ազգային ժողովը համատեղ որոշում են կայացրել «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի ստեղծման մասին, որը գործելու է մշտական հիմքի վրա։
Ֆորումի առաջին նիստը կայացել է Իսրայելում 2017 թվականի հունվարին։ Մոտ ապագայում, Քնեսեթի բարեկամության խորհրդարանական խմբի հայաստանյան այցի հետ մեկտեղ, ծրագրվում է անցկացնել «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի նիստ` իսրայելացի հասարակական գործիչների և գործարարների մասնակցությամբ, որոնք Հայաստան կբերեն իրենց նախագծերն ու համագործակցության առաջարկությունները։
Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը Կնեսետի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը տեղեկացրեց, որ Իսրայելի տարածքային կառավարման նախարարը մյուս ամսվա մեջ կայցելի։ Բանախոսի խոսքով՝ սա հետաքրքիր այց է, քանի որ Իսրայելի նախարարները Հայաստան շատ հազվադեպ են այցելում։
Բանախոսը տեղեկացրեց, որ սեպտեմբերին էլ նախատեվում է հայ-իսրայելական բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի եւ Կնեսետի մի քանի պատգամավորների այցը։ Նաեւ Հայաստան կայցելեն մի քանի գործարարներ։
Ցինկերը տեղեկացրեց նաև, որ իր հետ Իսրայելից Հայաստան էին ժամանել մի խումբ լրագրողներ, ովքեր շրջել են Հայաստանի գեղատեսիլ վայրերով. «Քանի որ մայիսի 19-ին բացվեց Երևան-Թել Ավիվ չվերթը, և ցավոք տեղեկատվական հարթակում դա այդքան էլ չշոշափվեց, որոշեցինք զբաղվել այդ հարցով»։
Ասուլիսին ներկա հասարակական ֆորումի համանախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ–լեյտենանտ Հայկ Քոթանջյանը հիշեցրեց, որ այս ֆորումի ստեղծման գաղափարը եղել է դեռևս 2015 թվականին։
«Դեռ նախորդ տարի, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի և Իսրայելի Պետության Քնեսետի փոխխոսնակ, Քնեսետի Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի մասնակցությամբ ձևավորվեց մի հարթակ, որը պետք է ծառայեր երկու երկրներում շահագրգիռ անձանց ներգրավմամբ համատեղ ծրագրեր, բիզնես ներդրումներ, տեխնոլոգիական զարգացման հնարավորություններ, ինչպես նաև մշակութային երկխոսության, առողջապահական և գիտական տարբեր ծրագրեր մշակելուն և իրականացնելուն»,-ասաց Քոթանջյանը:
Ցինկերը, անդրադառնալով Իսրայելի կողմից Հայաստանին սպառազինություն վաճառելու հարցին, նշեց, որ ժամանակին նման առաջարկ եղել է, սակայն Երեւանը մերժել է։
Բանախոսը նշեց, որ Իսրայելն աշխարհում ռազմական սպառազինություն, տեխնիկա մատակարարող երկրների հնգյակում է, եւ իրենք դա չեն թաքցնում։
«Բաց աղբյուրների համաձայն՝ Իսրայելի ռազմական արդյունաբերությունը տարեկան վաստակում է շուրջ 5-6 մլրդ դոլար։ Ժամանակին Հայաստանին եւս առաջարկում էին գնել որոշ սպառազինություն։ Դրան ի պատասխան՝ Հայաստանի պաշտպանության նախկին նախարարն ասել է՝ այն թանկ է եւ մեզ ձեռնտու չէ։ Մենք միշտ բաց ենք, եթե դուք որեւէ բան եք ցանկանում, հարցը միշտ կարող է քննարկվել»,- ասաց նա։