Ինչպես հարաբերություն հաստատել Աստծո հետ
Հիսուս Քրիստոս իր կյանքով ու գործով մեզ սիրո և դրանից բխող ողորմության, հոգատարության լավագույն օրինակն է տալիս: Նա առանձնակի հոգածություն ու խնամատար վերաբերմունք է ցուցաբերում կարիքավորների նկատմամբ: Այս առումով առանձնահատուկ է Ղուկասի ավետարանը, որ ընդգծում է Հիսուսի կարեկցանքը բոլոր նրանց հանդեպ, ովքեր լավ հասարակությունից դուրս են գտնվում: Այդ օրինակ մարդկանց շարքին են դասվում՝ աղքատները, հիվանդները, դիվահարները, մաքսավորները, երեխաները: Դիտարկման համար որպես նմուշ-օրինակ վերցնենք բարի սամարացու առակը (Ղուկ.10:33): «Գթալ», «կարեկցել» բայը հունարեն այն բառի թարգմանությունն է, որը կազմված է «աղիք» բառարմատից, և բառացիորեն նշանակում է «նրա աղիքները շարժվեցին»:
Ղուկասի ավետարանում այս բառը գործածված է Աստծո համար. «Աստված իր գթառատ ողորմությամբ իբրև Արեգակ՝ երկնքից պիտի ծագի մեզ վրա» (Ղուկ 1:78), Հիսուսի համար. «Երբ Տերը կնոջը տեսավ, գթաց նրան և ասաց. “Մի լար”» (Ղուկ 7:13), Անառակ Որդու առակի հոր համար. «Հայրը տեսավ նրան և գթաց» (Ղուկ 15:20):
Բարի սամարացու առակի մեջ սամարացին միակն է երեք անցորդների մեջ, ով նկատում է մահամերձ մարդուն և գթում է նրան: «Գթալ» բայի վերոնշյալ ստուգաբանությունը մատնանշում է ծնողական հարաբերությունը, հատկապես մայրական, երբ մայրը տեսնում է իր զավակին վտանգի մեջ: Սամարացին իր խնամքով նրան կյանք է վերադարձնում, նրան վերաբերվում է որպես ծնող: Առակի պատգամն այն է, որ հավիտենական կյանքը ժառանգելու, այսինքն՝ Աստծո կողմից որդի համարվելու պայմանը մերձավորի հանդեպ հայրական կամ ծնողական վերաբերմունք ցուցաբերելն է: Այլ խոսքով՝ ով իրեն կդրսևորի հոր պես, Աստծո հետ կմտնի որդիական հարաբերության մեջ:
Խաչիկ Խլղաթյան