26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լրագրություն, արվեստաբանություն, ձեռագործություն. երեքը մեկ տեղում

Մասնագիտությամբ  լրագրող և արվեստաբան Մարգարիտա  Ղազարյանը   ազատ ժամանակ ունենալու դեպքում նկարում է և ասեղնագործում: Ասում է՝ դրանք իր համար ինքնարտահայտնելու յուրահատուկ միջոցներ են:
Մեր թղթակիցը զրուցել է Մարգարիտայի հետ՝ փորձելով բացահայտել՝ ինչպե՞ս ձեռագործ աշխատանքները հետաքրքրեցին նրան և ինչպե՞ս որոշեց  զբաղվել ձորագործ աշխատանքներով:

-Ինչպե՞ս ստացվեց, որ ձեռագործ աշխատանքները  և  ասեղնագործությունը հետաքրքրեցին Ձեզ: Քանի՞ տարեկանից եք սկսել ասեղնագործել:

-Դեռ փոքր տարիքից շատ էի սիրում նկարել, ասեղնագործել ու տարբեր իրեր պատրաստել: Ամենավաղ հիշողությունս մեկ տարեկան հասակիցս է մնացել, երբ տարբեր՝ իրար հետ կապ չունեցող իրեր էի հավաքում, շոկոլադի տուփը որպես շրջանակ էի օգտագործում ու այդ շրջանակի մեջ տարբեր իրերով ու ներկերով կոլաժներ էի պատրաստում: Ես, իհարկե, այդ ժամանակ չէի գիտակցում, թե դա ինչ է, հետագայում միայն հասկացա:

Ասեղնագործել սկսել եմ դպրոցում: Այդ առարկան կարելի է ասել՝ մակերեսորեն էինք անցնում, բայց քանի որ մայրիկս, մորաքույրս ու տատիկս գործել-կարել-ասեղնագործելուց լավ հասկանում էին, խնդրում էի, որ ինձ էլ սովորեցնեն:

Դպրոցն ավարտելուց հետո ընտրեցի մասնագիտությունս, որն, ըստ էության, կապ չուներ այս ոլորտների հետ, ուստի ժամանակ չէր մնում դրանցով զբաղվելու՝ չնայած միշտ համացանցի միջոցով հետևում էի հայ ու արտասահմանցի վարպետների աշխատանքներին: Արդեն մագիստրատուրայում փոխեցի մասնագիտությունս, որն ավելի մոտ էր այս ոլորտին: Այստեղ արվեստ՝ մասնավորապես հայ արվեստի պատմություն էինք ուսումնասիրում: Արվեստի ուսումնասիրությունն ինձ նորից մոտեցրեց իմ հետաքրքրություններին:

Արդեն համալսարանն ավարտելուց հետո, երբ համեմատաբար ավելի շատ ազատ ժամանակ ունեի, փորձեցի նախ վերհիշել ասեսղնագործությունը: Հենց այդ ժամանակ էլ բացահայտեցի հայկական կարատեսակները՝ սարդակարը, հետո Մարաշի ասեղնագործությունը ու այդպես շարունակ… Հասկացա, որ ասեղնագործություն ասվածը շատ ընդգրկուն է, և որքան էլ սովորես, դեռ սովորելու տեղ մնում է:

-Ձեռագործության ի՞նչ տեսակների եք տիրապետում:

-Գորգագործությանը, ասեղնագործության տարբեր տեսակների՝ Մարաշի, սարդակարի, խաչկարի, Այնթապի և այլն, որոնց կիրառմամբ տարբեր իրեր եմ պատրաստում: Աշխատելու ընթացքում սիրում եմ նաև փորձարկումներ անել՝ համադրելով իրար հետ  սովորաբար  չկիրառվող տարբեր իրեր: Երբեմն ստացվում է, երբեմն՝ ոչ:

Օրինակ՝ կենցաղում կիրառվող մաղերի կառուցվածքը ինձ հուշեց, որ կարելի է ասեղնագործել նաև դրանց վրա: Հիմա նաև մի աշխատանք եմ սկսել, որն էլի ցանցերի վրա ասեղնագործելու հետ կապ ունի:

19427686_1419809024768565_657694271_n

-Տեղյակ եմ, որ նաև նկարում եք: Պատմե՛ք այդ մասին:

-Նկարելն ուղղակի զբաղմունք է՝ սիրողական մակարդակում: Սիրում եմ նկարել. դրա միջոցով լիցքաթափվում եմ: Նկարում եմ, երբ այլ միջոցներով չեմ կարողանում արտահայտել զգացածս, ասելիքս:

-Վերոնշյալ ոլորտների հետ կապված՝ համապատասխան կրթություն ստացե՞լ եք:

– Ասեղնագործության և գորգագործության կարճատև դասընթացների մասնակցել եմ: Իսկ նկարչական կրթություն չունեմ: Մոտ երկու տարի առաջ մեկ կամ երկու ամսով մի դասընթացի մասնակցեցի, որտեղ նկարչություն էին սովորեցնում: Այսինքն՝ դու կարող էիր գնալ այդ դասընթացին և առանց որևէ հիմք ունենալու ՝ փորձել նկարել: Այդտեղ հասցրի մի աշխատանք ստեղծել, որը հետո մյուս մասնակիցների աշխատանքների հետ ցուցահանդեսի մասնակցեց: Մեծ բան չէր, բայց ոգևորող էր: Դրանից հետո նկարչությունն ավելի շատ կիրառում եմ աշխատանքներիս համար սխեմաներ նախագծելիս:

19433826_1419808048101996_1188867544_n

-Լրագրություն,  արվեստաբանություն, ձեռագործություն. ո՞ր ոլորտն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

-Բոլորը հավասարապես սիրում եմ՝ հատկապես լրագրությունն ու ձեռագործությունը:
 Գիտե՞ք՝ մտերիմներս երբեմն  ասում են՝ ավելի հեշտ կլինի մի ուղղության վրա կենտրոնանալ, բայց եթե ես  մի ոլորտով զբաղվեմ, կսպառվեմ:  Այս ոլորտներից յուրաքանչյուրն ինձ ոգեշնչում է,  և ես  չեմ պատկերացնում, որ երբևէ կկարողանամ հրաժարվել դրանցից որևէ մեկից: Վերոնշյալ ոլորտներից յուրաքանչյուրը յուրովի սիրում եմ ու գնահատում:

19427628_1419811591434975_409698528_n 19427826_1419811598101641_393174407_n

19433874_1419811088101692_1036847192_n 19427872_1419811311435003_1853616350_n 19433530_1419811351434999_1576239278_n

Հարզազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ