15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ստեփանակերտում քայլերթ է կազմակերպվել` նվիրված Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրվան

Այսօր Ստեփանակերտում կազմակերպվեց Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրվան նվիրված եւ Սաֆարովի արտահանձնման ու հերոսացման դեմ ուղղված քայլերթ, որը կազմակերպել էին “Կամք” հասարակական կազմակերպությունը, “Արցախակերտում” նախաձեռնությունը մի շարք այլ երիտասարդական ու ուսանողական կառույցների հետ համատեղ: Երթին մասնակցում էին շուրջ 3000 հոգի: Ակցիան սկսվեց սբ. Հակոբ եկեղեցում կատարված ծիսակատարությամբ` նվիրված Գուրգեն Մարգարյանի հիշատակին. Այնուհետեւ մասնակիցները, կտրելով Ստեփանակերտի կենտրոնական փողոցները, քայլեցին դեպի եղբայրական գերեզման, որտեղ ոգեկոչվեց Գուրգեն Մարգարյանի հիշատակը եւ ծաղիկներ դրվեցին հուշակոթողին: Վերջում “Կամք” ՀԿ նախագահ եւ “Արցախակերտում” նախաձեռնության նախաձեռնող անդամ Արտակ Բեգլարյանը հանդես եկավ ելույթով, որի հիմնական բովանդակությունը ներկայացված է ստորեւ:

“Հարգելի՛ ընկերներ, այսօր կբոլորեր Գուրգեն Մարգարյանի 34-րդ տարին, եթե մի հասարակության ատելության ողջ ներուժը խտացրած վամպիրային հակումներով “ռամիլ սաֆարով” կենդանու կացնային բնազդները չարթնանային: Այնուամենայնիվ, Գուրգեն Մարգարյանը միշտ մեզ հետ է, մեր հոգիներում, ոչ այնքան այն պատճառով, որ խորհրդանշում է հայերիս՝ զոհ լինելու հանգամանքը, այլ ավելի շատ քանի որ իր մեջ խտացնում է հայ զինվորականության հզորությունը: Այո՛, Ռամիլն իր քստմնելի արարքով եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը եւ իր նմանները ունակ եւ կարող են գլխատել հայ զինվորին միայն խաղաղ պայմաններում եւ այն էլ քնած ժամանակ: Սակայն դա միակ հանցագործությունը չէր  ուղղված հայ ազգին, ոչ պակաս մեծ հանցանք կատարեցին ադրբեջանական իշխանություններն ու հասարակությունը` տարիներ շարունակ գարշելի կերպով հերոսացնելով հակահերոսական արարքը: Հատկանշական է, որ այսօր մեր ազգի դեմ գազանային ոտնձգության մեկ այլ զոհի ծննդյան օրն էլ է`Մեծն Կոմիտասի, ով նույնպես դարձավ հայ ազգի դեմ խտացված թյուրքական ատելության զոհը: Ակամայից հիշում ես Թումանյանի հանճարեղ խոսքերը` “մարդակեր գազան մարդը դեռ երկար էսպես կմնա”:

Որքան Գուրգեն Մարգարյանի մահը, ոչ պակաս չափով եւ սաֆարով գազանի արտահանձնումն ու հերոսացումը հարուցեցին մեր ցասումը: Ի լուր աշխարհի` Իլհամը, իր խամաճիկներն ու ադրբեջանական հասարակության մի ստվար հատված եւս մեկ անգամ ցուցադրեցին իրենց ֆաշիստական դեմքերը` ոտնատակ տալով մարդկային բանականության եւ բարոյականության բոլոր սահմանները: Այնուամենայնիվ, քանի որ մեզ համար նորություն չէր նրանց բնույթը, հետեւաբար, այս դեպքը ավելի մեծ դաս պետք է լինի միջազգային հանրության համար, քանզի ըստ նրանց` իրենք խաղաղություն են ցանկանում: Իհարկե, նրանք ոչ թե անհանգստանում են մարդկային կյանքերի, այլ իրենց նավթադոլարների եւ այլ նյութական շահերի համար: Նրանք պետք է հասկանան, որ սաֆարովյան կացինը կարող է ճոճվել նաեւ իրենց նավթադոլարների կույտերի վրա: Իհարկե, մենք միանշանակորեն ջարդելու ենք կացինը, բայց միգուցե ուշ լինի նրանց նավթադոլարների փրկության համար: Հետեւաբար, կոչ ենք անում Ադրբեջանի ֆաշիստական վարքագիծը խոսքերով դատապարտող երկրներին եւ միջազգային կառույցներին ոչ միայն դադարեցնել հարաբերությունները ադրբեջանական այն կառույցների ու գործիչների հետ, որոնք հերոսացնում են սաֆարովին, այլ նաեւ հստակ պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ` ընդհուպ մինչեւ միջազգային քրեական պատասխանատվություն: Կոչ ենք անում ու պահանջում նաեւ Ադրբեջանին զենք վաճառող երկրներից դադարեցնել զենքի մատակարարումները ֆաշիստական այդ երկրին, քանզի յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ Ադրբեջանին վաճառված զենքն ուղղված է տարածաշրջանում խաղաղության դեմ: Էթնիկ հողի վրա կատարած սպանությունը հերոսացնող երկրին զենք վաճառելը համարժեք հանցագործություն է:

Հարգելի՛ ընկերներ, ինչպես ՀՀ նախագահն է իրավացիորեն նշել, “Մենք չենք ուզում պատերազմ, բայց այն մեզ պարտադրելու դեպքում կռվելու ենք եւ հաղթելու”: Այո՛, մենք չենք ուզում պատերազմ, քանի որ գազանային մոլուցքներով չենք ապրում եւ գնահատում ենք յուրաքանչյուր մարդկային կյանք, այդ թվում եւ մեր թշնամու: Իսկ որ եւս մեկ անգամ հաղթելու ենք մեզ պարտադրված պատերազմում, վկայում են մի քանի քայլ այն կողմ հանգչող հերոսներն ու Գուրգենի հիշատակը ոգեկոչող մեր շարքերը: Այնպես որ փա՛ռք մեր զոհերին, փա՛ռք հայ զինվորին, փա՛ռք Գուրգենին:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ