“Արմավիան” վաճառվում է. Հայկական ժամանակ
“Արմավիա” ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը երեկ “Հայկական ժամանակի” թղթակցի հետ զրույցում հաստատել է մամուլում տեղ գտած լուրը, թե ներկայումս բանակցություններ են ընթանում ընկերության բաժնետոմսերը վաճառելու շուրջ:
“Երեք տարի բոլորը մեր փոխարեն ասում էին, որ վաճառում ենք, այժմ մենք ենք այդ մասին ասում”,-ասել է նա: Վերջինս չի մանրամասնել, թե ում հետ են ընթանում բանակցությունները: “Արմավիայից” սակայն, թերթի թղթակցի հետ զրույցում չեն հերքել, որ օրերս իտալացի գործարարներ են այցելել “Արմավիա” եւ ծանոթացել աշխատակազմի հետ:
Չեն հերքել նաեւ, որ խոսքն ընկերության բաժնետոմսերի ամբողջական վաճառքի մասին է: Այսինքն, գործարքից հետո “Արմավիան” կլինի ոչ թե Բաղդասարովի, այլ ուրիշի սեփականությունը:
Ի դեպ, “Զվարթնոց” օդանավակայանի կառավարիչ Էդուարդո Էռնեկյանը 2008-ին գնեց իտալական “Վոլարե” ավիաընկերությունը, ինչը պաշտոնապես հաստատվեց: Հնարավո՞ր է, որ “Արմավիա” այցելած իտալացիները հենց “Վոլարե”-ի ներկայացուցիչներն են, եւ պոտենցիալ գնորդն էլ Էռնեկյանն է. այս հարցերին “Արմավիայի” մամուլի քարտուղարը երեկ պատասխանել է. “Չեմ կարող ոչինչ ասել”: