Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասի ստորագրումն անհնար է. Տրայան Հրիսթեա
”Ասոցացման համաձայնագիրն առանց դրա բաղադրիչների ստորագրելն անհնար է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան` մեկնաբանելով ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է նախաստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը:
ԵՄ պատվիրակության ղեկավարը հիշեցրեց ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի` այստեղ` Հայաստանում, հնչեցրած խոսքերը, որ Ասոցացման համաձայնագիրը առանց ԽՀԱԱԳ-ի նախաստորագրելն անհնար է: ”Չի կարելի տարանջատել դրանք միմյանցից”,-հավելեց պարոն Հրիսթեան:
Սակայն միևնույն ժամանակ նա շեշտեց, որ Եվրամիությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը հայաստանյան գործընկերների հետ: ”Պատրաստ ենք շարունակել երկխոսությունը, որպեսզի պարզենք, թե որ ոլորտներում է էլ ավելի հնարավոր խորացնել մեր համագործակցությունը և հիմնվել մինչ օրս ունեցած ձեռքբերումների վրա, ընդ որում մեր համագործակցությունը կառուցել այնպես, որ դա չհակասի Մաքսային միության շրջանակներում Հայաստանի կողմից ստանձնված հանձնառություններին”,-եզրափակեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը: