25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Միջազգային աստղագիտական միությունը վստահում է հայերին

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՛՛Ակտիվ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջահայություններ եւ ուսումնասիրություններ՛՛ թեմայով գիտաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) 304-րդ միջազգային գիտաժողովի համանախագահներ Արեգ Միքայելյանը (Հայաստան) ու Դեւիդ Սանդերսը (ԱՄՆ), ինչպես նաեւ աշխարհահռչակ հայ աստղագետ Երվանդ Թերզյանը եւ բազում անվանի աստղագետներ աշխարհի ավելի քան 30 տարբեր երկրներից:

Բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նա կարեւորեց միջոցառման անցկացումը հենց Հայաստանում՝ նշելով, որ ոչ բոլոր երկրներին է վիճակված այսօրինակ կարեւոր գիտական միջոցառումների կազմակերպումը.

՛՛Սա արդեն 6-րդ դեպքն է, որ Հայաստանում այս մասշտաբի գիտական միջոցառում է տեղի ունենում: Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Միջազգային աստղագիտական միությունը վստահում է հայերին եւ տեղյակ է, թե ինչպիսի նվաճումներ ունի մեր երկիրն աստղաֆիզիկայի բնագավառում: Սա պատիվ է՛՛:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան  Էյվսն իր ուրախությունը հայտնեց, որ իրեն բախտ է վիճակվել ներկա գտնվելու այսօրինակ խոշոր միջոցառման. ՛՛Արգասաբեր աշխատանքային օրեր եմ մաղթում գիտնականներիդ: Կարծում եմ՝ Հայաստանում շատ հարմար պայմաններ են ստեղծված աստղերն ուսումնասիրելու ու հետազոտություններ անելու համար, այդ պատճառով էլ հայ աստղագետները մեծ ավանդ ունեն աստղագիտության զարգացման բնագավառում՛՛:

Ողջույնի խոսք ասացին նաեւ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, ՄԱՄ 304-րդ միջազգային գիտաժողովի համանախագահներ Արեգ Միքայելյանը եւ Դեւիդ Սանդերսը: Ելույթ ունեցավ նաեւ Երվանդ Թերզյանը…

՛՛Հայաստանը ոչ միայն գեղեցիկ բնության ու համեղ կոնյակի երկիրն է, այլեւ աստղագետների ու գիտնականների երկիր է այն: Հայաստանը Վիկտոր Համբարձումյանի հայրենիքն է: Ուրախ եմ, որ այսօր ես եւս Հայաստանում եմ՝ իմ հայրենիքում: Հույս ունեմ՝ գիտաժողովը կնպաստի, որ էլ ավելի շատ երիտասարդներ սկսեն զբաղվել աստղագիտությամբ ու հասնեն այնպիսի խոշոր հաջողությունների, որոնց դեռեւս չենք հասել՛՛,- ասաց պարոն Թերզյանը՝ կարեւորելով անվանի աստղագետներին մեկ հարկի տակ հավաքվելու փաստը:

Հայ անվանի աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակին նվիրված ՄԱՄ միջազգային գիտաժողովի բացմանը ելույթ ունեցավ նաեւ Ռուբեն Մարգարյանը՝ աստղագետի ազգականը: Վերջինս ողջունեց գիտաժողվի մասնակիցներին փոքրիկ բացահայտումներ անելով. ՛՛Որոշակի նրբություններ կարեւոր դեր են խաղացել Բենիամին Մարգարյանի ապագա մասնագիտության ընտրության գործում: Օրինակ՝ նրանց տան պատշգամբը բարձր դիրք ուներ՝ դեպի արեւմուտք, հյուսիս եւ արեւելք նայող շարունակական հատվածներով:

Աստղազարդ երկինքը պատշգամբից դիտելը շատ հարմար էր, քանի որ պարզ տեսանելի էր երկնքի տեսանելի մասը: Հարազատները հաճախ պատմում էին, որ պատանի Բենիամինը երեկոյան ժամերին հաճախ էր դուրս գալիս պատշգամբ եւ անշարժանալով, ժամեր շարունակ հայացքն ուղղում դեպի Տիեզերք ու զմայլված նայում հեռավոր լուսատուներին՛՛:

Ի դեպ, գիտաժողովի առաջին օրվա ավարտին անվանի աստղագետները կմեկնեն Էջմիածին՝ տեղում տեսնելու Մայր տաճարը եւ ծանոթանալու դրա պատմությանը: Աստղագետները կհյուրընկալվեն նաեւ Մայր տաճարի թանգարանում:

Գիտաժողովին առավել շատ մասնակիցներ են ներկայացել զարգացած աստղագիտական երկրներից՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Կանադայից, Ավստրալիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Հայաստանից: Նախատեսվում է, որ հոկտեմբերի 7-ից 11-ն անցկացվող գիտաժողովի ընթացքում կներկայացվեն 60 բանավոր զեկուցումներ եւ շուրջ 100 պոստերներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ