Եկեղեցուն տվածը կորած մի համարեք․ Կարապետյանները՝ ամբար դարձած սուրբ Աստվածածնին /ֆոտո, տեսանյութ/
Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Բանդիվան գյուղը կարելի է ասել եզակի գյուղ է, որը չունի աշխատանքի խնդիր: Այստեղ արդեն մի քանի տարի է Կարապետյան ընտանիքը հիմնել է « Բանդիվան կաթ» ընկերությունը, որտեղ աշխատում են բոլոր բանդիվանցիները:
Գենիկ Կարապետյանը ծնունդով Բանդիվանից է ու հարազատ գյուղը չի մոռացել: Նրանք կաթնամթերքի ու գինու գործարաններ ունեն․ Կարապետյան եղբայրներին է «Բանդիվան» կաթնամթերքի գործարանը, «Արենի» գինու գործարանը, Երևանի «Անի» հյուրանոցը, «Աշոցքի-Ճանշինի» տնօրենն էլ եղբայրներից մեկն է՝ Մարսել Կարապետյանը:
Բանդիվանի վարչական ղեկավար Արտավազդ Ղուկասյանը տեղեկացրեց, որ «Բանդիվանի կաթ» ՍՊԸ-ում աշխատում են ոչ միայն Ամասիայի տարածաշրջանի ու Գյումրիի բնակչները, նաև Ուկրաինայից, Իսրայելից, Էստոնիայից, Ռումինիայից աշխատողներ ունեն:
Կաթնամթերքի գործարանի հիմնադիր Գենիկ Կարապետյանի որդին՝ Դավիթ Կարապետյանն էլ նշեց. «Մենք միակ արտադրողն ենք Հայաստանում, որի արտադրանքը գնում է Իսրայել, իրենց ստանդարտներին համապատասխանում է մեր արտադրանքը»: Իսկ Հայաստանում գրավում են շուկայի մոտ 30 տոկոսը, պահանջարկը շատ մեծ է։ Գործարանի սեփականատերերը ունեն մոտ 130 գերմանական կաթնատու կովեր, ամեն օր կթվում են մոտ 58 լիտր կաթ, դրանք բազմացնում են, բայց նաև կաթ են մթերում: Հարազատ գյուղից՝ Բանդիվանի բնակիչներից գնում են թանկ գնով՝ մեկ լիտրը՝ 170 դրամով, իսկ մյուս գյուղերի բնակիչների վճարում են ավելի էժան՝ 130 դրամով։
Այս գործարարների նախաձեռնությամբ էլ վերականգնել է գյուղի Աստվածածին եկեղեցին, որին կից կառուցվել է զանգակատունը, տեղադրվել խաչքար, բարեկարգվել է նաև բակը, ինչպես նաև եկեղեցու հարևանությամբ կառուցել արարողությունների համար սրահ: Հնարավորության սահմաններում օգտագործվել են նախկին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու քարերը:
Գյուղի հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը նշեց, որ 1900-ականների սկզբին կառուցված եկեղեցին, խորհրդային տարիներին ծառայել է որպես ամբար: «Մեզ համար այսօր մեծ ուրախություն է, որ բանդիվանցիների տարիների երազանքն իրականություն դարձավ: 18 տարի առաջ, երբ առաջին անգամ եկա այս եկեղեցի, ցավ ու ողբ ապրեցի, քանի որ եկեղեցին գոմի էր վերածվել: ճիշտ է, տարածքը մաքրվեց, բայց այս ողջ տարիների ընթացքում երազել ենք, որ այն իրական աղոթատեղի վերածվի: Այսօր բարերարի շնորհիվ ունենք այնպիսի եկեղեցի, որի մասին նույնիսկ մեր երազանքում չէինք պատկերացնում»,-իր խոսքում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանն ու հավելեց. – «Մի կարծեք, թե սրանով ավարտվեց ձեր գործը, այլ սկսվեց։ Հիմա սրանից հետո, երբ որ եղեկեցվո զանգը հնչի, պիտի թողնեք գործերն ու վազեք եկեղեցի, ամոթ նրան, որ չվազեց»: